Զելենսկին «վերանայել» է իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ բանակցությունների տեղի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասել է, որ իր համար Ռուսաստանի հետ բանակցությունների տեղը «կարևոր չէ»։ Նրա խոսքերը հրապարակել է «РБК-Украина» թերթը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ եթե Զելենսկին ցանկանում է քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ապա նա պատրաստ է, և առաջարկել է գալ Մոսկվա, Սոչի կամ Սանկտ Պետերբուրգ։ Ի պատասխան՝ Ուկրաինայի ղեկավարը հարցրել է՝ արդյոք իրեն հրավիրել են Սոչի՝ «դահուկ քշելու», և պնդել է հանդիպումը Օդեսայում անցկացնել։ Գրում է «ՌԻԱ Նավոստի»-ն:

«Կարևոր չէ, թե կոնկրետ որտեղ կավարտվի պատերազմը, կարևոր է, որ բոլորն անկեղծորեն պատրաստ լինեն դրան»,- ասել է Զելենսկին այս հինգշաբթի Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններում միջնորդելու համար։

Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Զելենսկուն՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, ավելի ուշ նշել է, որ երկկողմ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքներ չեն տարվում։ Հինգշաբթի օրը Կիևում կայացած բանակցություններից հետո Թուրքիայի նախագահը վերահաստատել է Անկարայում ռուսական և ուկրաինական կողմերի միջև բանակցություններ անցկացբելու պատրաստակամությունը։

Վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն ավելի են սրվել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են իբր Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու մեջ և այս ֆոնին ուժեղացնում են իրենց ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում։

Ռուսաստանում մերժում են բոլոր պնդումները և հիշեցնում, որ Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները. ուկրաինական իշխանությունները բանակի անձնակազմի կեսը կենտրոնացրել են շփման գծի մոտ և արգելված զենքերից կրակում են աշխարհազորայինների վրա։