Դատավոր Բախշիյանի փաստաբանները ինքնաբացարկ են հայտնել դատավոր Դավիթ Արղամանյանին. որոշումը կհրապարակվի վաղը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննության սկզբում փաստաբանները դատարանին ինքնաբացարկ են հայտնել։ Այս մասին հայտնում է News.am-ը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, այն կհրապարակվի վաղը՝ ժամը 10։00-ին։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվում էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նրա փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք մի քանի պարզաբանումներ են խնդրել դատարանից՝ բացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերի համար.

«Խնդրեցինք որոշ պարզաբանումներ տալ, մասնավորապես, թե ինչու է անհապաղ քննվելու փոխարեն արդեն 3-րդ օրն է քննվում, որովհետեւ սա օրենքի խախտում է։ Արդյոք գործն իրեն ձեռքով է մակագրվե՞լ, եթե ձեռքով է մակագրվել, ապա կա՞ն երաշխիքներ, որ օրենքով սահմանված կարգը պահպանվել է։ Արդեն երկու օր է՝ դատարանի նախագահին հարցումներ եմ ուղարկում եւ պատասխաններ եմ ստանում, պատասխանից եւս ակնհայտ է, որ դատարանի նախագահը չի պահպանել գործերի մակագրման պատահականության սկզբունքը։ Սա միանգամից նշանակում է, որ դատարանը համարվում է օրենքի հիման վրա չստեղծված դատարան։ Հետեւաբար մենք դատարանին ինքնաբացարկ հայտնեցինք»։

Սարգսյանն այս առնչությամբ վկայակոչեց նաեւ Եվրոպական դատարանի այն նախադեպերը, որով ասվում է՝ եթե կա օբյեկտիվ կասկած, որ յուրաքանչյուրը  կարող է մտածել՝ իրականում հատուկ է տրվել այդ դատավորին գործը, ուրեմն օրենքի խախտում է։

Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի կողմից Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն տալուն՝ Երեմ Սարգսյանն ասաց.

«Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշման մեջ արտատպել է Դատախազության միջնորդության որոշակի հատված, որը մեղադրանքի հետ որեւէ կապ չունի։ Այսինքն՝ դրանով մեղադրանք չկա։ Այնպիսի դիտավորություններ են վերագրել, որը բացարձակ անթույլատրելի էր առանց փաստական տվյալների»։

Հարցին՝ ո՞վ է Բախշիյանի դեմ ցուցմունք տվել, փաստաբանը պատասխանեց. «Այն, ինչ մեզ է ներկայացվել, նրա դեմ ոչ մեկ ցուցմունք չի տվել։ Անհնար է օբյեկտիվ իրականության մեջ այնպիսի բան, որ նրա նկատմամբ մեկը օբյեկտիվորեն ցուցմունք տա, որովհետեւ բացարձակապես նման հանգամանք չկա։ Սա հասարակ դատական պրոցես է եղել, այդ ընթացքում այսպես է գտել, որոշում է կայացրել։ Մեր ունեցած տվյալներով գործի նյութերում որեւէ դժգոհ մարդ չկա, բացի պետական շահագրգիռ մարմինները»։

Նշենք, որ դատական նիստին զուգահեռ դատարանի բակում էին հավաքվել մի շարք իրավաբաններ և հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։