Ադրբեջանը դեռ չի հստակեցրել, թե հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի․ Արարատ Միրզոյան
Ադրբեջանը դեռ չի հստակեցրել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազման, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք հստակեցումները դեռ չունենք, հստակեցումները ճշգրտման փուլում են: Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է, և հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես ո՞ր մասն է անընդունելի, ի՞նչ հիմնավորմամբ և ըստ այդմ՝ ինչպիսի՞ նոր լուծումներ կարող են լինել»,- ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանն, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ՌԴ-ի միջնորդությամբ Ադրբեջանին և գործընկերներին։
Այնուհետև Ադրբեջանից հնչել էին հայտարարություններ, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատման հարցում։

