Հայաստանում խաղամոլությունը 6 անգամ աճել է․ փոխնախարար
2020 թվականին համացանցով կատարված խաղադրույքները, համեմատած 2018 թվականի հետ, ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը՝ 3 անգամ։ Այս մասին ԱԺ-ում «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:
Նա հայտարարեց, որ խաղամոլությունը Հայաստանում աճել է.
«Ուսումնասիրել ենք միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե որքան է խաղամոլության ռիսկը կախված խաղացողներից, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում 6 խաղացողից մեկն է դառնում խաղամոլ։ Մեզ մոտ 6 անգամ աճել է այդ ցուցանիշը։ Եվ այս առումով հասկացել ենք, որ ռիսկեր ունենք, վերադարձել ենք այն կարգավորումներին, որ ունեցել ենք մինչև 2019 թվականը, և առաջարկում ենք ինտերնետ շահումով խաղերի մասին գովազդը սահմանափակել՝ թողնելով միայն չորս աստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այն վայրերում, որտեղ գործունեություն են իրականացնում արտաքին մասում և ներսում, սրանով փորձելով իրավիճակը մեղմել»,- ասաց Հայրապետյանը։
Նա նաև նշեց, որ խաղադրույքների ծավալը կազմում է ՀՆԱ-ի 25-30 տոկոսը։

