Մեկնարկել է Սիրիայի հարցերով Աստանայի ձևաչափի 17-րդ հանդիպումը

Դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում  մեկնարկել է Սիրիայի հարցերով Աստանայի ձևաչափի շրջանակներում բանակցությունների 17-րդ հերթական հանդիպումը: Բանակցությունները տևելու են երկու օր: Տեղեկությունը հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը:

Ինչպես տեղեկացնում է SANA-ն, հանդիպմանը մասնակցում են երաշխավոր պետությունների՝  Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները, ինչպես նաև Սիրիայի պատվիրակությունը: Իսկ Լիբանանը, Հորդանանը և Իրաքը մասնակցում են բանակցություններին որպես դիտորդներ՝ դեսպանների մակարդակով:

Հանդիպմանը քննարկվելու են Սիրիայում տիրող իրավիճակը՝ մասնավորապես ապառազմականացված գոտիներում կայունության պահպանումը, փախստականների վերադարձի հետ կապված խնդիրները, մարդասիրական հիմնախնդիրները, ինչպես նաև արևմտյան երկրների կողմից Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

Հանդիպման ավարտին հրապարակվելու է համատեղ վերջնական հայտարարություն:

Դիվանագիտական աղբյուրները և ԶԼՄ-ները նաև տեղեկացնում են, որ երկկողմ և եռակողմ բանակցությունները կենտրոնանալու են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքների բռնազավթման, երկրի բնական ռեսուրսների յուրացման և այլ խնդիրների վրա:

Հատկանշական է, որ Աստանայի ձևաչափով նախորդ հանդիպումը կայացել էր հուլիսի 7-8-ը Նուր Սուլթանում: Բոլոր հանդիպումներում կարևորվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: