Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս․ Ավետիք Իսահակյան

1875 թ․հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի) ծնվել է Խոսքի մեծ վարպետ, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ավետիք Իսահակյանը: Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստեր՝ Վարպետի կյանքից (աղբյուրը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան)։

Իսկ գիտե՞ք, որ․․․

Նեմեսիս

Ավ. Իսահակյանն իր մասնակցությունն է ունեցել «Նեմեսիս» (բառացի թարգմանությամբ` «Արդար վրեժ») օպերացիային:
Այս մասին տեղեկություն է տալիս նաև բանաստեղծի որդին` Վիգեն Իսահակյանն իր «Հայրս» գրքում.
«Ժնևի մեր տունը դարձել էր այստեղ ապաստանած հայերի համար մի տեսակ հոգևոր կենտրոն: Առավոտվանից ծանոթ-անծանոթ գալիս էին հորս տեսության` մի խորհուրդ ստանալու, մի մխիթարական խոսք լսելու… Շատ էին գերությունից ազատված նախկին հայ զինվորները, նրանց մեջ կային Հայ հեղափոխական դաշնակցությանը հարող հայրենասեր տղաներ, որոնք ծրագրում և նախապատրաստում էին հայ ազգի դահիճ Թալեաթ փաշայի սպանությունը:
Հորս հանձնարարված էր տեղեկություններ հավաքել նրա տեղաշարժերի վերաբերյալ, իմանալ ծածկանունները:
Թալեաթը զգում էր, որ արդար հատուցման ժամը գալու է, և ընդհատակ էր անցել»:
Գերմանիայում Իսահակյանը հանդիպել է Սողոմոն Թեհլերյանին: Միասին զննել ու ստուգել են Թալեաթի լուսանկարները: Եվ որքան էլ ծպտված ու կերպարանափոխված լիներ մարդասպանը, միևնույն է, Իսահակյանը ճանաչում և հաստատում է, որ դիմացի շենքի կասկածյալ «վաճառականը» հենց ինքը` Թալեաթն է: Այս ամենից հետո 1921թ. մարտի 15-ի առավոտյան` ժամը 11-ին, Սողոմոն Թեհլերյանը ատրճանակից արձակած անվրեպ գնդակով Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարտենբերգ պողոտայի սալաքարերին փռեց հայ ժողովրդի դահճապետ Մեհմեդ Թալեաթի դին:

Ավետիք, մենք էլ չդառնա՞նք սուրբ հայրեր

Մի անգամ Իսահակյանը, Չարենցի և որդու`Վիգենի հետ այցելում է Սուրբ Ղազար: Բանաստեղծները խորին հուզմունքով և ակնածանքով մտնում են Հայր Ղևոնդ Ալիշանի և լորդ Բայրոնի խցերը: Հետագայում Վիգեն Իսահակյանը մտաբերում է. «Չարենցը, տեսնելով այս բազմախորհուրդ վայրերը, դիմեց հորս.- Ավետիք, մենք էլ չդառնա՞նք սուրբ հայրեր, այստեղ կունենանք տուն, տեղ, սնունդ, հարուստ գրադարան և մի լավ տպարան մեր տրամադրության տակ: Էլ ի՞նչ կարող ենք երազել: Խաղաղ կապրենք աշխարհից հեռու և մեր բանաստեղծությունները կհորինենք»: Հայրս պատասխանեց. «Լավ միտք է, ես մտածել եմ այդ ուղղությամբ, և կարող է պատահել, որ սուրբ հայրերը ինձ ընդունեն իրենց միության մեջ, բայց քեզ` երբեք, դու վատ համբավ ունես, որպես անաստված»: Այս երկխոսությունից հետո, որը շատ զվարճացրեց ներկաներին, հայրերը մեզ հրավիրեցին մասնակցելու իրենց կիրակնօրյա ճաշին»:

Ավ. Իսահակյանը ֆիդայական շարժումը երգող առաջին բանաստեղծն է

Իսահակյանի թանգարանում ցուցադրվում են «Դրոշակ» թերթի համարներից, «Հայդուկի երգերից» շարքի ձեռագրերից և ֆիդայիների լուսանկարներից:
Դեռևս 1896 թ. նա սկսում է գրել «Հայդուկի երգերից» շարքը: Ֆիդայական այդ երգերը ստեղծվեցին պատմական իրադարձություններին զուգահեռ, որոնցում արտացոլվում և փառաբանվում էին ազգային-ազատագրական պայքարն ու այդ պայքարի քաջարի հերոսները, ժողովրդի անպարտելի ոգին, կամքն ու օրեցօր ահագնացող ցասումը: Ցավոք, Իսահակյանը հնարավորություն չուներ այդ բանաստեղծությունները հայրենիքում տպագրելու, քանի որ ռուսական գրաքննությունն արգելում էր` իր խստության սլաքն ուղղել էր հատկապես ազգային-ազատագրական պայքարի ուղղությամբ: Այդ պատճառով էլ, 1899 թվից սկսած, այդ բանաստեղծությունները լույս էին տեսնում հայրենիքից հեռու` Ժնևում` «Դրոշակ» թերթում`«Հայ գուսան» կեղծանունով: Ցավոք, այս շարքը երկար ժամանակ անտիպ ու անհայտ է եղել մեզանում: Սակայն 1990 թվին, Իսահակյանի թոռան` Ավիկ Իսահակյանի նախաձեռնությամբ «Հայդուկի երգեր» շարքը լույս տեսավ առանձին գրքով: 

Իսահակյանի մտքերից

1․ Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս:

2․ Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է: Հետո սկսում է ողբալ, թե ինչու է անհնարը անհնար:

3․ Վրեժը քաղցր բան է. թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն:

4․ Մայրենի լեզվի բառերը մենք կը զգանք, կ՛ապրինք, իսկ օտար լեզուինը՝ կը հասկնանք, կը սորվինք եւ կը հիշենք:

5․ Կյանքի սափորը լիքն է աղի ջրով, որ ինչքան խմում ես, այնքան ավելի ծարավում, այրվելով խմում վերստին և զզվում, բայց բնավ չհագենում:

6․ Կյանքն իր ծնած պահից գրավ է դրված մահի մոտ: