Նաև Արցախյան հակամարտությունում օգտագործվելու մտահոգությամբ Ռուսաստանը մերժել է Ադրբեջանին «Бал-Э» հրթիռային համալիրների վաճառքը

Ստորև խիստ մասնակի կրճատումներով հրապարակում ենք News.mail.ru-ում հրապարակված Իվան Սաֆրոնովի և Ալեքսանդրա Ջորջևիչի  ««Бал»-ն այստեղ անտեղի է» վերտառությամբ հոդվածը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին «Бал-Э» առափնյա պաշտպանության հրթիռային համալիրների վաճառքից հրաժարվելու  վերաբերյալ։ Կարծում ենք, այն հետաքրքիր կլինի նաև հայ ընթերցողների համար։

 

Ռուսաստանյան զինվորականների դիրքորոշման պատճառով Ադրբեջանը չի կարող գնել առափնյա հրթիռային համակարգը։

Ադրբեջանի զինուժին «Бал-Э» առափնյա հրթիռային համակարգի (ԱՀՀ) մատակարարումն ու պարահանդեսային ուրախ տրամադրությունը խափանվել են ՌԴ ՊՆ-ի դիրքորոշման պատճառով։ Ռուսաստանյան զինվորականները համարել են, որ տվյալ համակարգի հրթիռի նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ՌԴ Կասպիական նավատորմի նավերի համար նույն ռուսական տարածքային ջրերում։ Այդ հրաժարումը Ռուսաստանի համար կրիտիկական չէ վերջին տարիներին Բաքուն 5 մլրդ դոլարի ռուսական զենք է գնել։

«Բալ» տիպի համակարգերի էքսպորտային տարբերակի դիվիզիոն գնելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պատրաստակամության մասին առաջին տեղեկությունը հայտնվեց 2014թ․, երբ այդ համակարգն արտադրողը՝ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիան (ՄՀՍԿ) Աստանայի (Ղազախստան) KADEX 2014 ռազմական տեխնիկայի և սպառազինությունների ցուցահանդեսում առափնյա հրթիռային համալիրների (ԱԱՀ) հատուկ շնորհանդես անցկացրեց։ Հետաքրքրվածությունը տրամաբանական էր թվում, քանի որ Ադրբեջանը վաղուց էր համակարգեր փնտրում, որոնք կկարողանային պաշտպանել Կասպիցի իր ափամերձ մասը։ Այսպես, ադրբեջանական զինվորականներին հետաքրքրեց հականավային «Յախոնտ» հրթիռով «Բաստիոն» ԱՀՀ-ն («Ռեուտով» մեքենաշինական ԳԱՄ-ի արտադրություն), բայց գործը առարկայական բանակցություններին չհասավ, քանի որ համապատասխան ազդանշան Մոսկվայից չեկավ։

Իսկ, այ, «Բալ»-երի հետ թեման իր շարունակությունն ունեցավ։ Կողմերը նույնիսկ նախաստորագրել էին պայմանագիրը, որով նախատեսվում էր ԱՀՀ-երի ոչ մեծ խմբաքանակի ու մի քանի տասնյակ 3М24 (Х-35Э-երի էքսպորտային տարբերակը) հրթիռների մատակարարումը։ Սակայն, վերջնական պայմանագիր ստորագրելուն գործն այդպես էլ չհասավ։ Դրա պատճառը ՌԴ ՊՆ-ի հատուկ դիրքորոշումն էր առ այն, որ «տվյալ համակարգերի մատակարարումը նպատակահարմար չէ Կասպիական նավակազմի նավարկման անվտանգության ապահովման համար»։ Նրանց խոսքերով, հաշվարկները ցույց են տվել, որ հրթիռի նույնիսկ էքսպորտային տարբերակը պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ռուսական տարածքային ջրերում գտնվող ՌԴ Կասպիական նավակազմի նավերի համար։

«Նման փաստարկման հետ վիճելն անիմաստ էր, այդ պատճառով նախաստորագրված համաձայնագիրը դրվեց դարակ, մեր դիրքորոշումը լսել տվեցինք»,- հաստատեց աղբյուրներից մեկը։ Այս տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքով ՌԴ ՊՆ-ին համապատասխան հարցում է ուղարկվել (հոդվածը գրելու պահին պատասխան չէր ստացվել)։ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում և «Ռոսօբորոնէքսպորտում» (ռուսաստանյան սպառազինությունների հատուկ արտահանող) մեկնաբանություններից ձեռնպահ մնացին։

 

«Бал-Э»-ն «Бал» ափամերձ հրթիռային համակարգի էքսպորտային տարբերակն է, սպառազինության է վերցվել 2008 թ։ Նախագծված է «Մեքենաշինության ԿԲ» ԲԲԸ-ի (Մոսկվա) կողմից։ Այդ շարժական համակարգի մեջ մտնում են կառավարման ու կապի ինքնաշարժ հրամկետեր, հականավային Х-35Э տիպի հրթիռների գործարկման ինքնաշարժ կայաններ, տրանսպորտային-վերբեռնող մեքենաներ։ Նախատեսված է տարածքային ջրերի վերահսկման, բազաների, մերձափնյա ենթակառուցվածքների և ծովային հաղորդակցական ուղիների պաշտպանության համար։ Հարվածային հեռահարությունը՝ մինչև 120 կմ, համակարգի գումարային մարտական լրակազմը՝ մինչև 64 հրթիռ։

Հաստատուն պայմանագիր կնքելու դեպքում Ադրբեջանը կդառնար «Բալ» համակարգեր ունեցող երրորդ երկիրը։

«Բալ»-ի նախնական էքսպորտային տարբերակի պատվիրատուն պետք է լիներ Լիբիան, սակայն երկրում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով 2011 թ․ մարտին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր հրամանագրով արգելանք մտցրեց ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վրա։ ՄՀՍԿ-ի համար կորսված շահույթի ընդհանուր գումարը €300 միլիոնից ավելի էր։ Արդյունքում՝ «Բալ»-երով սպառազինված առաջին արտասահմանյան երկիր դարձավ Վիետնամը․ 2012թ․ դեկտեմբերին հաղորդում էին, որ ՄՀՍԿ-ն կատարեց այդ երկրին 3М24 տիպի հականավային հրթիռներով ԱՀՀ-ի մատակարարումը։ Ի դեպ, «Բալ»-երով սպառազինված են Կասպիական նավակազմի (Իզերբաշ) ափամերձ հրթիռա-հրետանային զորքերի (ԱՀՀԶ) 46-րդ առանձնակի դիվիզիոնը, Սևծովյան նավատորմի (Ուտաշ) ԱՀՀԶ 11-րդ բրիգադը, Սևծովյան նավատորմի (Սևաստոպոլ) ԱՀՀԶ 15-րդ բրիգադը, Խաղաղօվկիանոսյան նավատորմի (Սմոլյանինովո) 72-րդ գունդը։ Այդ ԱՀՀ-ի ևս մեկ դիվիզիոն 2016թ․ մարտական հերթապահության կանգնեց Կունաշիր կղզում։

Հիմա Ադրբեջանի զինուժին «Բալ» մատակարարելու հարց չի քննարկվում, ասում է ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա աղբյուր, քանի որ «կա մի շատ նուրբ աշխարհաքաղաքական նյուանս»։ Վերջին տարիներին Х-35 տիպի հրթիռի ավտոմատ թիրախավորման գլխիկը մոդիֆիկացվել է ոչ միայն ծովային, այլև ցամաքային թիրախներ խոցելու համար։ «Մենք չէինք ուզենա, որ այն օգտագործվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում»,- ընդգծել է աղբյուրը։ Նշենք, որ նման աշխատանքներ տարվել են նաև «Բաստիոն» ԱՀՀ-ի մեջ մտնող «Օնիքս» թևավոր հրթիռի ավտոմատ թիրախավորման գլխիկի հետ․ 2016 թ․ նոյեմբերին զինվորականներն առաջին անգամ կիրառեցին այն Սիրիայի ցամաքային թիրախներին հարվածելու համար, ոչնչացնելով ծայրահեղական իսլամիստների արդյունաբերական օբյեկտները։