Այս իշխանությունը բոմբը դրել է Սյունիքի տակ և «ֆիթիլը» վառել․ Քաջարանի քաղաքապետ

Սյունիքում այսօր թշնամին բացարձակ տիրապետում է ցանկացած շահեկան դիրքին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որը կանչվել է Քննչական կոմիտե։

«Կարող եմ ասել, որ  այսօրվա դրությամբ այս իշխանությունը մի բոմբ է դրել Սյունյաց աշխարհի տակ, ինչու չէ Հայաստանի Հանրապետության տակ, քանի որ եթե չլինի Սյունիքը, ապա պետք է տապանաքար դնենք Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ բոմբը դրել են Սյունիքի տակ և, մեր լեզվով ասած, այդ «ֆիթիլը» վառել են ու մի օր դա տրաքելու է, և դա տրաքելու թե՛ մեր, թե՛ մեր սերունդների տակ»,–ասաց նա։

Քաջարանի քաղաքապետը նշեց, որ իրենք մտահոգված են, քանի որ եթե Սյունիքը չլինի, հերթով գալու են։ Ըստ նրա՝ Հայաստանում իշխանության պետք է գան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են այս հետևանքները վերացնել ու կան այդպիսիք։ «Սյունեցիների պահանջը հետևյալն է, գտնել կարող ուժեր, ովքեր կարող են գտնել լուծումներ՝ այդ հետևանքները վերացնելու հարցում»,–ասաց նա։

Մանվել Փարամազյանը նշեց, որ այս իշխանության հետ կապված հույս չունեն։ «Այս իշխանությունը տանուլ տված իշխանություն է, ո՞նց կարող ենք այս իշխանության հետ ճանապարհ անցել, մենք պետություն ենք կորցնում, մեր մտահոգությունը սա է»,–ասաց նա։