«Ցավդ տանեմ», «մեռնեմ կյանքիդ»… ինչպես է ոստիկանության ծառայողը հետ պահել քաղաքացուն անդառնալի քայլից
Փաստաբան Ռոման Երիցյանը Կիևյան կամրջով երթևեկելիս նկատել է քաղաքացու, որը անցել էր կամրջի հակառակ կողմը, և պատրաստվում էր անդառնալի քայլի։ Ահա, թե ինչ է պատմում․
«Ոստիկանության ծառայողներ, բռավո:
Չեմ կարող չկիսվել քիչ առաջ տեղի ունեցածով։
Կիևյան կամրջով երթևեկելիս նկատեցի մի քաղաքացու, որը կանգնած էր կամրջի եզրին (անցել էր կամրջի հակառակ կողմը) և պատրաստվում էր անդառնալի քայլի։ Անտարբեր անցնել չէի կարող և մոտեցա նրան: Րոպեների ընթացքում դեպքի վայրում հավաքվեցին տասնյակ քաղաքացիներ, ժամանեցին ոստիկանության ծառայողներ, շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցներ։
Չգիտեմ՝ որտեղից էր քաղաքացին ինձ ճանաչում, բայց, բարեբախտաբար, վստահեց ինձ և թույլ տվեց մոտենալ իրեն։ Նրան այդ ծայրահեղ քայլին դրդած պատճառների մասին չեմ ցանկանում խոսել։ Միայն նշեմ, որ խոսքը ո՛չ խաղամոլության, ո՛չ էլ ընտանեկան խնդիրների մասին էր։
Քաղաքացին ծայրահեղ հուզված էր, և նրա յուրաքանչյուր շարժում կարող էր ճակատագրական լինել։ Կանգնած էի անմիջապես նրա կողքին և հասկանում էի, որ ցանկացած անզգույշ քայլ, ցանկացած սխալ արտահայտություն կարող է անդառնալի հետևանք ունենալ։ Նա ոչ ոքի չէր վստահում։ Ո՛չ հոգեբանի, ո՛չ փրկարարների, ո՛չ էլ շտապօգնության աշխատակիցների հորդորները որևէ արդյունք չէին տալիս։
Եվ ահա որոշ ժամանակ անց դեպքի վայր ժամանեց ոստիկանության Մաշտոցի բաժնի պատասխանատուներից մեկը՝ Արթուրը (նկարում քաղաքացիական հագուստով տղան)։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ կես ժամվա ընթացքում, ինձ համար մարդկայնության, հոգատարության և իսկական ծառայության բացառիկ օրինակ էր։
Արթուրը լուսանկարում պատկերված ոստիկանության չորս ծառայողների հետ միասին սկսեց զրուցել քաղաքացու հետ։ Բայց ոչ պաշտոնական, ոչ հրահանգների կամ պահանջների լեզվով։ Նրանք խոսում էին նրա հետ ընկերաբար, հարազատաբար, բառիս բուն իմաստով՝ ախպերավարի։
«Ցավդ տանեմ», «մեռնեմ կյանքիդ»… Ու այս ամենը ոչ թե ձևական արտահայտություններ էին, այլ անկեղծ խոսքեր, որոնց հետևում զգացվում էր մարդուն օգնելու իրական ցանկությունը։
Արթուրն այնպես էր խոսում, այնպիսի ջերմությամբ ու հոգատարությամբ, որ քիչ առաջ ոչ ոքի չվստահող քաղաքացին աստիճանաբար սկսեց վստահել հենց նրան։ Եվ վերջապես տեղի ունեցավ այն, ինչին բոլորս այդքան սպասում էինք։
Ոստիկանների օգնությամբ քաղաքացին հեռացավ վտանգավոր հատվածից և առաջինը գրկեց Արթուրին։ Հետո մոտեցավ ու գրկեց նաև ինձ։ Այդ գրկախառնության մեջ ավելի շատ բան կար, քան հնարավոր է նկարագրել բառերով։ Այնտեղ կար վստահություն, երախտագիտություն և, ամենակարևորը, փրկված մարդկային կյանք։
Բայց պատմությունն այսքանով չավարտվեց։
Ինձ համար հատկապես կարևոր էր այն, որ քաղաքացուն անվտանգ վայր տեղափոխելուց հետո Արթուրն ու մյուս ոստիկանները չհամարեցին իրենց առաքելությունն ավարտված։ Նրանք շարունակեցին նույն ջերմությամբ զրուցել նրա հետ և, որ ամենակարևորն է, փաստացի ձեռնամուխ եղան քաղաքացուն հուզող խնդրի լուծմանը։
Ահա սա է ծառայությունը։ Ահա սա է այն ոստիկանությունը, որի կարիքն ունի մեր հասարակությունը։
Հիացած եմ ձեզնով, տղերք։ Դուք այսօր ապացուցեցիք, որ հայրենիքին ծառայելը երբեմն ոչ թե զենքով, այլ մի բարի խոսքով, մի անկեղծ գրկախառնությամբ և մարդկային կյանքը փրկելու պատրաստակամությամբ է արտահայտվում։ Աստված պահապան ձեզ, ձեր ընտանիքներին և ձեր ծառայությանը։
Հետգրություն։ Աստված պահապան նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այդ պահին այնտեղ էին՝ օգնելու պատրաստակամությամբ և անում էին հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ հանուն մարդկային կյանքի, խղճի ու մարդասիրության։
Սա հենց այն դեպքն էր, երբ մարդիկ հավաքվել էին, իսկ համապատասխան ծառայությունների աշխատակիցները ներկայացել էին ոչ թե հետաքրքրությունից դրդված կամ պարզապես իրենց ծառայողական պարտականությունը կատարելու, այլ անկեղծ անհանգստությունից, մարդկային կարեկցանքից և մեկ կյանք փրկելու անսահման ցանկությունից»։

