ԵՄ-ն որոշել է ռազմական առաքելություն տեղակայել Ուկրաինայի տարածքում
Եվրոպական խորհուրդն այսօր որոշում է ընդունել ևս երկու տարով՝ մինչև 2028 թվականի նոյեմբերի 15-ը, երկարաձգել Ուկրաինային աջակցող Եվրոպական միության ռազմական օգնության առաքելության (EUMAM Ukraine) մանդատը՝ այդ ժամանակահատվածի համար հատկացնելով գրեթե 300 միլիոն եվրո բյուջե։
Այս որոշումը կայացվել է EUMAM-ի վերջերս իրականացված ռազմավարական վերանայման արդյունքում։
Այս համատեքստում Խորհուրդը նաև որոշել է ներկայություն հաստատել Ուկրաինայում՝ ուկրաինական ռազմական իշխանությունների, Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) և համախոհ միջազգային գործընկերների հետ ուղղակի և արդյունավետ համակարգումն ապահովելու համար՝ այդպիսով երաշխավորելով, որ ԵՄ ուսուցումը շարունակի զարգանալ ՈւԶՈւ-ի կարիքներին համապատասխան։
Առաքելության մանդատն ընդլայնվել է՝ կենտրոնանալով մարտի դաշտից քաղված դասերի և Ուկրաինայի պաշտպանական օրակարգին աջակցող ռազմական պատրաստության ամրապնդման վրա։
Ռազմական ներկայության չափը չի նշվել։
EUMAM Ukraine-ը կշարունակի սերտորեն համակարգել գործողություններն այլ համախոհ միջազգային գործընկերների հետ, ինչպիսին են Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Նորվեգիան։ Այն նաև կհամագործակցի «Կամավորների կոալիցիայի» (Coalition of the Willing), ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ՝ վերջինիս «Ուկրաինայի համար անվտանգային աջակցության և վարժանքների» (NSATU) հրամանատարական կառույցի շրջանակում։
EUMAM Ukraine-ը Ուկրաինային ցուցաբերվող ԵՄ ռազմական աջակցության առանցքային գործիքն է, որի հիմնական նպատակն է նպաստել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական կարողությունների հզորացմանը։ 2022 թվականի հոկտեմբերին՝ Ուկրաինայի խնդրանքով ստեղծվելուց ի վեր, առաքելությունը վարժանքներ է անցկացրել ավելի քան 100․000 զինծառայողի համար։

