Բուլղարիայում մառախուղի պատճառով տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ

Բուլղարիայի Տրակիա մայրուղում 70-ից ավելի մեքենաների մասնակցությամբ մի շարք վթարների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, 48-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է «Վեստի»-ն։

Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան Յամբոլի մոտակայքում՝ Զիմնիցայի և Կաբիլեի հանգույցների միջև. բախվել են ավելի քան 70 մեքենաներ և բեռնատարներ։ Նախնական տվյալներով՝ պատճառը խիտ մառախուղն է, որը խիստ սահմանափակել է տեսանելիությունը։

Տասնմեկ վիրավոր գտնվում է Յամբոլի հիվանդանոցում, որոնց մեծ մասը ծանր վիճակում է, յոթը՝ բազմակի վնասվածքներով, իսկ երեքը՝ վերջույթների կոտրվածքով։ Սլիվենի հիվանդանոց է տեղափոխվել ութ մարդ, որոնցից մեկը՝ գանգուղեղի տրավմատիկ վնասվածքով, գտնվում է ծանր վիճակում։

Գլխավոր տեսուչ Թոդոր Միշիևի խոսքով՝ մարդիկ արգելափակվել են բախման մեջ ներգրավված որոշ մեքենաներում։ Նրանց ազատելու համար անհրաժեշտ է եղել կտրել մետաղը։

«Պետությունը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսները՝ տուժածներին աջակցելու համար», – ասել է փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Պուլևը։

Նրա խոսքով՝ չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները և Նախարարների խորհրդի նիստը։ Ռումեն Ռադևը կառավարական ինքնաթիռ է ուղարկել Բուրգաս՝ վիրավորներին Սոֆիա տեղափոխելու համար։ Բացի այդ, դեպքի վայր են ժամանել ավելի քան 20 զինծառայողներ՝ վթարի հետևանքները վերացնելու համար։

Մայրուղին փակ է երկու ուղղություններով, և ստեղծվել են շրջանցիկ ճանապարհներ։