Փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել դատավորին վիրավորելու համար
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավարտվել է թիվ ԵԴ1/3890/01/25 քրեական գործի դռնբաց դատաքննությունն՝ ըստ մեղադրանքի՝ Ա.Ս.-ի՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման վերաբերյալ։
Դատաքննությամբ հետազոտված՝ պատշաճ իրավական ընթացակարգով ձեռք բերված ապացույցների ամբողջությամբ հաստատվել է, որ Ա.Ս.-ն, հանդիսանալով Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի վարույթում քննված քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանը, նախաքննության մարմնի կողմից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունների կապակցությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վիրավորելով դատավորին։
Հիմնական դատալսումների արդյունքներով՝ դատարանը, հաստատված համարելով Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Ա.Ս.-ի մեղավորությունը, նրա նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ։

