Սա Վազգեն Սարգսյանի 18.10.1999 թվականի գրառումն է՝ ողբերգական իրադարձություններից կարճ ժամանակ առաջ. Մերի Հարությունյան

Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ 1999 թվականի հոկտեմբերի 18-ին արված այս ձեռագիր գրառումը՝ գրելով. «Ես բախտ եմ ունեցել աշխատելու հայրենիքը, պետությունն ու ազգը իրենցից ու ամեն ինչից վեր դասող ղեկավարների՝ Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հետ։

Լինելով միմյանցից շատ տարբեր անհատներ՝ նրանք, այնուամենայնիվ, ունեն ընդհանրություններ, որոնք կփաստեն այս երեք պետական ու ազգային գործիչներին գործի բերումով և կյանքում ճանաչողները։

Նրանք չէին (չեն) սիրում իրենց անձի գովազդումը՝ հնարավորինս խուսափելով PR-ից, գործի մարդիկ էին, չէին (չեն) սիրում տեսախցիկների առջև կեցվածք ընդունելն ու ժամերով խոսելը։ Նրանց բնորոշ էին (են) համեստությունը, համբերատարությունն ու լայնախոհությունը։ Այս ցանկը կարելի է շարունակել՝ անդրադառնալով նաև ընկերասիրությանը և այլ կարևոր որակների։

Սա Վազգեն Սարգսյանի ձեռագիր գրառումն է՝ «Ձեռագրի» մասին։

«Ձեռագիր» անվանումով հեռուստահաղորդաշար էր ստեղծվել՝ Վազգեն Սարգսյանի կառավարության գործելաոճը՝ «ձեռագիրը», ներկայացնելու նպատակով։ Ես հրավիրվել էի որպես հաղորդաշարի գլխավոր խմբագիր և մեկնաբան՝ ամեն շաբաթ հանրային հեռուստատեսությամբ ներկայացնելու վարչապետի և կառավարության գործունեությունը։

Վազգենը ուշի-ուշով դիտում էր բոլոր հաղորդումները և անհրաժեշտության դեպքում ներկայացնում իր դիտարկումները։ Սա նրա հերթական՝ 18.10.1999 թվականի գրառումն է՝ ողբերգական իրադարձություններից կարճ ժամանակ առաջ։

Իրեն հատուկ համեստությամբ նա առաջարկում է քիչ օգտագործել «վարչապետ» բառը և փոխարենը՝ ավելի հաճախ գործածել «կառավարություն» բառը։

Ինձ համար այս ձեռագիր գրառումը թանկ հիշողություն է։ Այն սկսվում է կատարված աշխատանքի վերաբերյալ վարչապետի գնահատականով, իսկ հաջորդող հանձնարարականը վկայում է Վազգեն Սարգսյանի համեստության և թիմային աշխատանքը կարևորող ղեկավար լինելու մասին։

Գուցե մի օր որոշեմ ձեռագիրը հանձնել թանգարանին, բայց առայժմ այն իմ ղեկավարների ձեռագիր գրառումների թանկ հավաքածուի մասն է, որը խնամքով պահպանում եմ։

Աստված լույսի ու խաղաղության մեջ պահի երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի և հոկտեմբերի 27-ի եղերական օրը բոլոր զոհվածների հոգիները»։