Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցը:
1999 թվականի այս օրը զինված հանցագործների մի խումբ ԱԺ հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներխուժեց խորհրդարան և գնդակահարեց պետական գործիչների:
Ահաբեկչության զոհ գնացին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Դատարանը 2003 թվականի դեկտեմբերի 2-ին հրապարակեց գործով դատավճիռը: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների նկատմամբ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ 1-ը՝ 14 տարվա ազատազրկման:
2024–ի օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:
Իրավապաշտպանները սակայն մինչ օրս էլ պնդում են, որ ահաբեկչության իրական պատվիրատուներն ու շահառուներն այդպես էլ մնացել են չբացահայտված և անպատիժ։
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է 2018-ից հետո՝ ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա:
2009 թվականին Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» (1953 թ.) քանդակը՝ ի հիշատակ Հոկտեմբերի 27-ի զոհերի։

