Ադրբեջանը մեղադրել է Իրանի կրթության նախարարին՝ իր ներքին գործերին միջամտելու մեջ

Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է անվանել Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունը, որը վերաբերում է հանրապետությունում կրթության հարցերին և ադրբեջանական դպրոցներում միասնական դպրոցական համազգեստի ներդրմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունը Ադրբեջանում կրթության հարցերի վերաբերյալ զարմանք և ափսոսանք է առաջացնում: Նման արտահայտություններն այլ բան չեն, քան Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ: Ոչ ոքի թույլատրված չէ միջամտել երկրի ներքին գործերին, այդ թվում՝ նրա կրթական քաղաքականությանը, և նման փորձերը վճռականորեն կանխվում են»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նախարարությունը խորհուրդ է տվել Իրանի պաշտոնատար անձանց զբաղվել սեփական երկրի խնդիրներով: Մասնավորապես, գերատեսչությունում նշել են, որ Իրանի կողմից վարվող քաղաքականության հետևանքով երկրում չկա ոչ մի դպրոց, որտեղ ուսուցումն իրականացվի ադրբեջաներենով: Այդ լեզվով ուսուցում չի իրականացվում նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:

«Մինչդեռ Իրանի շուրջ 40 միլիոն բնակիչներ էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք տասնամյակներ ի վեր զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից», – նշվում է հայտարարության մեջ:

Նախարարությունում ընդգծել են, որ իրանական գերատեսչության ղեկավարը, ինչպես նաև Իրանում այս թեմայով հանդես եկող այլ անձինք պետք է զբաղվեն նշված խնդիրների լուծմամբ և միջոցներ ձեռնարկեն տասնամյակներ ի վեր պահպանվող անարդարությունը վերացնելու համար:

Հիշեդցնենք, որ Սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը հստակեցրել է դպրոցական համազգեստին ներկայացվող պահանջները, իսկ հոկտեմբերին՝ մանկավարժների հագուստին ներկայացվող պահանջները: Կանոնները նախատեսում են գործնական ոճ և բացառում են հագուստի տարրերը, որոնք հակասում են երկրում կրթության աշխարհիկ բնույթին:

Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆը հանդես է եկել Ադրբեջանում միասնական դպրոցական համազգեստի ներդրման դեմ և հայտարարել այն աղջիկների համար ազատ կրթական միջավայր ստեղծելու հնարավորության մասին, որոնք պնդում են, որ զրկված են կրթության իրավունքից: Իրանցի նախարարը հայտարարել է, որ իր երկրի համալսարանները պատրաստ են ընդունել ադրբեջանցի աղջիկներին՝ ընդգծելով, որ հագուստի ձևը չպետք է խոչընդոտի կրթություն ստանալուն:

Իրանի առաջին փոխնախագահ Արեֆը ևս «X» սոցցանցում երեկ գրել է, որ  երկրի մի քանի նախարարությունների և Իսլամական Ազատ Համալսարանին կարգադրություն է տրվել, ըստ որի՝ Իրանի պատկան մարմինները պետք է պատրաստ լինեն ապահովելու ադրբեջանցի այն աշակերտների և ուսանողների կրթությունը, որոնք այդ իրավունքից զրկվել են՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի պատճառով։