Քրեական օրենսգրքի 503.1-րդ հոդվածը արդյո՞ք սահմանադրական է

Նոր՝ 503.1-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով վկայի, ձերբակալվածի կամ մեղադրյալի կողմից նմուշ ներկայացնելու կամ փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելու կամ խուսափելու համար, եթե օրենքով նախատեսված պայմանները առկա են։ Գրում է փաստաբան Աննա Ծառուկյանը և շարունակում․

«Բայց այստեղ առաջանում է շատ ավելի լուրջ հարց՝ որտե՞ղ է անցնում պետության՝ ապացույց ձեռք բերելու իրավասության և անձին իր դեմ ապացույց ստեղծելուն հարկադրելու սահմանը։

ՀՀ Սահմանադրական դատարանը դեռ ՍԴՈ-871 որոշմամբ հստակ արձանագրել է, որ անմեղության կանխավարկածի էությունն այն է, որ անձի մեղքը կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում և դատական ակտով, իսկ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։ ՍԴ-ն նաև ընդգծել է, որ անձի նկատմամբ կիրառվող դատավարական միջոցները չպետք է պատժի տարրեր պարունակեն։

Ավելին՝ Սահմանադրական դատարանը հղում է կատարում ՄԻԵԴ-ի Saunders v. United Kingdom գործին, որտեղ Եվրոպական դատարանը լռելու և ինքն իրեն չմեղադրելու իրավունքը դիտարկել է որպես արդար դատաքննության հիմնարար չափանիշ։

Funke v. France գործով ՄԻԵԴ-ը ևս պաշտպանել է անձին իր կամքին հակառակ՝ իրեն մեղադրող նյութ տրամադրելուն հարկադրելու գաղափարից։

Այսինքն՝ իրավական սկզբունքը պարզ է`

Պետությունը կարող է ապացույց որոնել և ձեռք բերել օրենքով սահմանված ընթացակարգով, բայց դա դեռ չի նշանակում, որ անձի հրաժարումը պետք է վերածվի առանձին հանցագործության։

Այստեղ 503.1-ի սահմանադրական խնդիրը հատկապես սրվում է այն պատճառով, որ հոդվածը քրեական պատասխանատվություն է կապում հենց անձի հրաժարվելու կամ «խուսափելու» վարքագծի հետ։

Իսկ «խուսափելը» ի՞նչ է։

Եթե անձը պահանջում է պաշտպանի մասնակցություն, վիճարկում է փորձաքննության օրինականությունը, պահանջում է դատական վերահսկողություն, ներկայացնում է առողջական կամ այլ իրավական առարկություն՝ ո՞ր պահից է նրա վարքագիծը դառնում քրեորեն պատժելի։

Սա արդեն իրավական որոշակիության խնդիր է։

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքն, իհարկե, տարբերակում է անձի կամքից անկախ գոյություն ունեցող նյութերը՝ օրինակ որոշ կենսաբանական նյութեր, և անձի կամքի միջոցով ստացվող ինքնամեղադրող տեղեկությունը։ Saunders-ի այդ տարբերակումը պետք է հաշվի առնել։

Սակայն դա չի նշանակում, որ պետությունն ունի անսահմանափակ իրավունք անձի նկատմամբ հարկադրանք կիրառելու։

Jalloh-ի գծով ՄԻԵԴ-ի մոտեցումն էլ ցույց է տալիս, որ նույնիսկ ֆիզիկական հարկադրանքով ապացույց ստանալու դեպքում պետք է գնահատվեն հարկադրանքի բնույթը, աստիճանը, ընթացակարգային երաշխիքները և մրցակցող հանրային շահերը։

Ուստի հարցը պետք է դրվի շատ պարզ։

Եթե պետությունն ունի ապացույց ձեռք բերելու դատավարական միջոցներ, արդյո՞ք անհրաժեշտ և համաչափ է այդ ապացույցը չտրամադրելը դարձնել ինքնուրույն հանցագործություն և դրա համար սպառնալ ազատազրկմամբ։

Սա արդեն միայն քրեական քաղաքականության հարց չէ։

Սա Սահմանադրության 23-րդ, 25-րդ, 31-րդ, 63-րդ, 65-րդ, 66-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պաշտպանության հարց է։

Եվ հատկապես՝ Սահմանադրության 65-րդ հոդվածի տրամաբանության մեջ պետք է պատասխանել ամենակարևոր հարցին

կարո՞ղ է պետությունը անձին քրեական պատժի սպառնալիքով ստիպել մասնակցել իր դեմ ապացույցի ձևավորմանը։

Եթե պատասխանը դրական է, պետք է շատ հստակ ցույց տալ դրա սահմանադրական սահմանը։

Եթե ոչ՝ ապա 503.1-րդ հոդվածի սահմանադրականությունը պետք է դառնա լուրջ իրավական քննարկման առարկա։

Օրենքի ուժը չի կարող լինել մարդու իրավունքից բարձր»։