ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Մայք Քերին սեպտեմբերի 2-ին «Ռազմավարական գործընկերություններ՝ կարևորագույն ռեսուրսների և մատակարարման շղթաների ապահովման համար» խորագրով Ներկայացուցիչների պալատի «Ways and Means» հանձնաժողովի լսումների ժամանակ բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը։

Քերին իր խոսքը սկսել է՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկրի կարգավիճակը, ապա անդրադարձել է այն հայերին, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել գերության մեջ։

Ադրբեջանը շարունակում է պահել հայ պատանդների, այդ թվում՝ Արցախի ընտրված ղեկավարությանը՝ տարածաշրջանում իրականացված ցեղասպանական էթնիկ զտումներից հետո։

«Ways and Means» հանձնաժողովը իրավասություն ունի ԱՄՆ առևտրային քաղաքականության ոլորտում, և Քերին կարևոր ռեսուրսների ու մատակարարման շղթաների վերաբերյալ լսումների ընթացքում Ադրբեջանի գործողությունները արձանագրեց պաշտոնական քննարկման մակարդակում։