Ծանր մետաղներ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. «Հետք»
Գրեգորի Մալյուկովը, Նիկոլա Ելինեկն ու Մարսելա Չերնոխովան Չեխիայից Կապան էին հասել՝ ներկայացնելու իրենց կազմակերպության՝ «Առնիկայի» գիտական հետազոտության արդյունքները: Մեր զրույցի հաջորդ օրը նրանք պատրաստվում էին Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանրայնորեն ներկայացնել հետազոտության արդյունքները:
Նախորդ տարի չեխ մասնագետները Սյունիք ու Լոռի էին եկել՝ հետազոտություն իրականացնելու: Ուսումնասիրել են շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու ծանր մետաղների ազդեցությունը մարդկանց վրա: Արդյունքները, մեղմ ասած, հուսադրող չեն:
«Պոչամբարներից այն կողմ. շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու մարդու վրա ազդեցությունը Հայաստանում». այսպիսի վերնագիր ունի նոր զեկույցը, որը հիմնված է Սյունիքում իրականացված հետազոտության վրա: Այն հրապարակվել է թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային տարբերակով:
Որպես նախապատմություն նշվում է, որ պղնձի և մոլիբդենի հանքարդյունաբերությունը Սյունիքում գործում է 1950-ական թվականներից՝ առաջացնելով թափոնների զգալի քանակ, որոնք պահվում են պոչամբարներում:
Ըստ զեկույցի՝ նախկինում կատարված հետազոտությունները փաստագրել են ծանր մետաղներով աղտոտվածություն հողում, ջրում և նստվածքներում: Մինչդեռ փոշու աղտոտվածության համակարգված գնահատում չի կատարվել: Հենց սրանով է առանձնանում չեխ մասնագետների ուսումնասիրությունը Սյունիքում:
«Հետքի» զրուցակիցները նկատում են, որ իրենց կազմակերպությունն առաջին անգամ է հետազոտություն կատարում Սյունիքում (իսկ ընդհանրապես, «Առնիկան» Հայաստանում աշխատում է 2009-ից՝ համագործակցելով տեղական ՀԿ-ների հետ): Բացի այս մարզից՝ արտասահմանցի փորձագետներն այս անգամ աշխատել են նաև Լոռու մարզի Արջուտ գյուղում:
2025-ին չեխական թիմը Սյունիքում և Լոռիում հետազոտություն է իրականացրել «Հայաստանի հանքարդյունաբերական շրջանների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներգրավված են նաև հայաստանյան ՀԿ-ներ՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը» և «Էկոլուրը»: Ծրագիրն իրականացվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Նիկոլա Ելինեկը (Nikola Jelínek) «Առնիկայի» փորձագետներից է: Ասում է, որ նախկինում Սյունիքում հետազոտություններ կատարվել են, սակայն իրենք որոշել են կենտրոնանալ փոշու վրա, քանի որ այն նախկինում չէր ուսումնասիրվել: Ըստ Նիկոլայի՝ իրենք պարզել են, որ փոշին կարող է լինել հանքարդյունաբերության ամենակարևոր թափոններից մեկը, որն աղտոտում է շրջակա միջավայրը:
Փորձագետը մանրամասնում է, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը հետազոտելու համար փոշու 15 նմուշ են վերցրել: Այն եղել է ոչ թե օդից, այլ նստվածքներից վերցված փոշի, փորձագետները վերցրել են նաև հողի 1 և նստվածքի 4 նմուշ: Նմուշառումներն արվել են 2025-ի սեպտեմբերին հանրային վայրերում և մասնավոր հողամասերում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

