Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան

«Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե այս գործն ի՞նչ տրամաբանական ավարտ կունենա (հասկանալի է՝ մի օր կուղարկվի դատարան), և հնարավորություն կունենանք նաև հանրությանը ցույց տալու, թե ի՞նչ անհեթեթության հետ ենք ընդհանրապես մենք առնչվում»,- 168․am-ի հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահին վերագրվող հերթական մեղադրանքին այսպես արձագանքեց նախագահի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։

«Ինձ մոտ խորը համոզմունք առաջացավ այս իրավիճակից, որ ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար, և ավելին՝ որ կրկին, ասենք, այն պայմաններում, երբ պարոն նախագահի ելքը ՀՀ-ից արգելված է, նորից արգելվի»։

«Այս պրոցեսն է այսօր տեղի ունեցել, մեծ հաշվով, ուրիշ ոչ մի բան։ Այս աբսուրդի թատրոնը գնալով ավելի խիտ գույներ է ստանում,- շեշտեց Ամրամ Մակինյանը և հավելեց, որ դրվագը վերաբերում է Սպայի տան օտարման գործարքին, որը կատարվել է կառավարության որոշմամբ և բավականին մեծ արժեքով,- Համոզված ենք, որ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել»։

Նյութի հղումը՝ https://shorturl.at/VjAhh