Ուրիշ վկայություն էլ չլինի՝ քարերն են սերունդներին փոխանցելու նրա անունն ու գործը
Ոմն թշվառ ասում է՝ Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չեմ ճանաչում…
Մի փոքր պատմական փաստ ներկայացնեմ «Գարեգին» անվան ու մեր Մայր Տաճարի կապի մասին։ Մայր Տաճարի արտաքին պատերը կազմող քարերի մեծ մասը հետագա նորոգումների արդյունք են։ Բայց մեր սուրբ հայրերն այնքան խորամտություն են ունեցել, որ զանց չեն առել Մայր Տաճարի սկզբնական քարերը, և դրանցից մի քանիսն օգտագործել են նորոգվող հատվածներում։
Այդ սկզբնական քարերից մեկն իր վրա կրում է հունարեն արձանագրություն (ակնհայտ է՝ տեղադրվել է գրերի գյուտից առաջ) ու գեղեցիկ հարթաքանդակ։ Արձանագրությունն էլ, իր հերթին, մակագրված է երեք անուններով՝ Դանիել, Տիրեր (Տիրայր) և ΓΑΡΙΚΙΝΙς (Գարիկինիս՝ Գարեգին):
Այսպիսով, մեր նախնի Գարեգինի անունը զարդարել է մեր շքեղակառույց Մայր Տաճարը դեռ 4-րդ դարում։ Չգիտենք՝ նա ով է եղել, բայց դարերի միջից քարերը բերել ու մեզ են հասցրել նրա անունը։
Ասածս ինչ է։ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը այնքա՜ն մեծ գործեր է կատարել մեր Մայր Եկեղեցու պայծառության համար, որ թշնամու կողմն անցած ոմն թշվառի ճանաչել-չճանաչելը, պատմության ու հավերժության տեսանկյունից, առ ոչինչ է։ Ուրիշ վկայություն էլ չլինի՝ քարերն են սերունդներին փոխանցելու նրա անունն ու գործը։
Երկա՜ր օրեր Հայոց հոր։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

