Բացառիկ նվեր մահացած պետականության արդարադատության համակարգին․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոչ մի պարագայում չեմ փոփոխի իմ կարծիքն առ այն, որ ՀՀ արդարադատության համակարգը, իր բոլոր օղակներով հանդերձ, ըստ էության հանդիսանում է հանցածին մի համակարգ, որտեղ յուրաքանչյուր քննիչի, դատախազի, դատավորի գործունեության ու որոշումների հիմքում հանցակազմ կա՝ չնչին բացառություններով: Հենց այս համակարգն է պետականություն մսխողն ու մարդակենտրոն պետական համակարգ ձևավորելու ջանքերի հիմնական խափանարարը: Հենց այս համակարգի ներկայացուցիչների հետ առնչվելիս, եկել եմ այն համոզմանը, որ իրավաբանի կրթություն ստանալը, օրենքներին տիրապետելն ու այդ համակարգում պաշտոններ ստանալը միմիայն ծառայում է կամ հանցավոր գործունեություն ծավալելուն, կամ էլ հանցագործություններ կոծկելուն ու հովանավորելուն:
Ահավասիկ մի պատմություն այդ համակարգում տիրող բարքերի ու արժեհամակարգի մասին, որը մեծագույն հաճույքով նվիրում եմ հենց այդ համակարգի բոլոր ներկայացուցիչներին:
Ուղիղ 20 տարի առաջ, 2006 թվականի աշնանը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն նշանակվելուց մեկ ամիս անց, բացահայտեցի, որ ՀՑԹԻ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի օրոք աշխատած գլխավոր հաշվապահ Գրիգոր Խ.-ն, հանցավոր համաձայնության գալով ՀՑԹԻ աշխատակիցներից մեկի հետ, կեղծ պարգևավճարների ցանկեր էր պատրաստել և կեղծելով աշխատակիցների ստորագրությունները, յուրացնել էր շուրջ 4 մլն դրամ: Շատ արագ բացահայտեցի կատարված հանցագործության դրվագները և հայտարարություն պատրաստեցի՝ քրեական գործ հարուցելու համար: Գրիգոր Խ.-ն այդ ընթացքում թախանձագիր խնդրում էր քրգործ չհարուցեմ, խոստանալով, որ գումարը որոշ ժամանակ անց կհատուցի: Տակավին գտնվելով բուդապեշտյան դատավարությունների տպավորությունների տակ, ուղղակի ցնցված էի Հայոց ցեղասպանության թանգարանում նման ցինիկ ու անբարո քայլի հետ առերեսվելով, ուստի մերժեցի այդ առաջարկն ու հայտարարություն ներկայացրեցի՝ քրեական գործ հարուցելու համար:
Քրեական գործը հարուցվեց, Գրիգոր Խ.-ն դատվեց, կազմվեց նաև ժամանակացույց՝ հաստատությանը հասցված վնասը փոխհատուցելու համար: Սկզբում Գրիգոր Խ.-ն մուծեց 1 մլն դրամ, իսկ մեկ շաբաթ անց խրոխտ դեմքով հայտնվեց իմ առանձնասենյակում, հայտարարեց հետևյալը. «Ես քննիչներին, դատախազին ու դատավորին եքա փող եմ տվել, որ հոդվածը փոխեն, էլ չեմ կարող մուծումներ կատարել»: Ասեցի, որ դա իմ խնդիրը չի և պարտավոր ես մինչև վերջին դրամը հատուցել վնասը: Մեկ ամիս անց, դատական վճիռով հարուցված վնասը փոխհատուցելու պարտավորություն ունեցող Գրիգոր Խ.-ն հայտնվեց Միացյալ Նահանգներում՝ այդպես էլ չհատուցելով հասցված վնասը:
Ի՞նչ ստացվեց: Ստացվեց, որ արդարադատություն փնտրելու ու հանցագործին պատժելու իմ ցանկության արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարանից հափշտակված գումարները բաշխվեցին քննիչների, դատախազների ու դատավորների միջև: Դե հիմա պատկերացրեք, եթե սրանք Հայոց ցեղասպանության թանգարանից գողացված գումարներն են գողից գողանում, հապա մյուս դեպքերում ինչերի են ընդունակ…
Եթե ցանկանում եք, որ ձեր գինը նշեմ, ապա դա էլ կարող եմ ասել. դուք ընդամենը արժեք 12 եվրո: Հենց այդքան արժեր Գուրգեն Մարգարյանին գլխատած Սաֆարովի կացնի գինը…
Հիմա էլ 2021 թվականին հարուցված քրեական գործը չորս տարի չեն տեղափոխում դատաքննության փուլ, գործը քննող ավագ քննիչը հայտարարում է, թե կորցրել է իմ ցուցմունքները ու հնարավորություն են տալիս, որ իմ ցուցմունքներում տարբեր հանցագործությունների առնչությամբ հիշատակվող անձինք՝ Սուրեն Մանուկյանը, Հարություն Մարությանը, Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Արայիկ Հարությունյանը և Ժաննա Անդրեասյանը քաղհայցեր ներկայացնեն իմ դեմ՝ ընդհանուր հաշվարկով շուրջ 7 մլն դրամ հատուցում ակնկալելով: Իրենք հո վստահ են, որ որ ոչ մի ստորացված դատավոր իրենց դեմ վճիռ չի կայացնի՝ պաշտոնից զրկվելու և կաշառակերության հետագիծը բացահայտելու վախից դրդված:
Հիրավի «փառապանծ» արդարադատության համակարգ է, այդպես չէ՞:
Ինչքան ուզում եք Քննչական կոմիտեներ, ԲԴԽ-ներ, ԴԱՀԿ-եր ու Արդարադատության ակադեմիաներ հիմնեք ու կոռուպցիայի դեմ պայքարի համար դրսից դրամաշնորհներ բերեք, միևնույն է, նույն ուսյալ հանցագործներն եք՝ ծպտված սպիտակ համազգեստի ու սև թիկնոցների տակ: Անիմաստ կյանքով ապրող, անիմաստ ուսում ստացած, Նիկոլ սպասարկող, Նիկոլի կողմից ստորացված ու նսեմացված, բայց իրենից աշխատավարձ ստացողներն եք դուք: ԸՆԴԱՄԵՆԸ:
ԴԱՀԿ-ում կարծես երկար են մտածում իմ բանկային հաշվեհամարները ապասառեցնելու կապակցությամբ: Որքան գիտեմ ԴԱՀԿ ծառայությունն իր գործունեությունը լուսաբանող թանգարան ունի շենքի ներսում: Ես, իհարկե, մեծագույն սոսկումով եմ պատկերցանում, թե ի՞նչ սկզբունքներով և ի՞նչ հայեցակարգի հիման վրա է կազմակերպվել այդ թանգարանը, բայց վստահ եմ, որ ԴԱՀԿ-ի թանգարանի մշտական ցուցադրությունը մեծ շանսեր ունի համալրվելու ամոթալի ու խայտառակ ցուցանմուշներով՝ հընթացս նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հանրայնացմամբ, որի հետևանքների համար ինձ բացարձակապես պատասխանատու չեմ համարի:
Եվ ընդհանրապես, մահացած պետականության ուժային համակարգի ներկայացուցիչներին հորդորում եմ սուրեն մանուկյանների, հարություն մարությանների նման վեցնոց անսկզբունքային ոչնչություններով իմ դեմ չպայքարել:
Ուրիշ տրամաչափեր ընտրեք, պարոնայք: Սազական չի, սիրուն էլ չի…»

