Հայաստանում ոչնչացվում է սեփականության իրավունքի ինստիտուտը, Ադրբեջանը բազմապատկում է իր եկամուտները. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը

 Ադրբեջանի արտահանման ցուցանիշների հարցում իհարկե կա հնարավոր արտաքին կոնյուկտուրա։ Օրինակ, ակնառու է աճը նավթա–գազային ոլորտում, որտեղ սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչի՞ հաշվին, որտեղի՞ց է այդ ավելորդ նավթն ու գազը, եթե արդյունահանումը կարծես թե չունի համարժեք աճ։ Այստեղ իհարկե մեծ հավանականությամբ առկա է ռուսական նավթի ու գազի գործոնը, որի մասին կարծես թե «գլխի են ընկնում» գրեթե բոլորը։
Բայց, տվյալ պարագայում հարցը այն չէ, թե որքանով է նպաստել արտաքին կոնյուկտուրան։ Ի վերջո, Ադրբեջանն օգտվում է այդ կոնյուկտուրայից, որը հետո կարող է վերածել իր տնտեսության կարողության։
Իսկ կոնյուկտուրայից օգտվում է նաեւ Հայաստանը, որը սակայն այդ հարցում անգամ եղավ անկարող։ Հայաստանի քաղաքականության պատասխանատուները դրսեւորում են վարքագիծ, որի հետեւանքով Հայաստանի տնտեսությունը տարեկան կորցնոմ է միլիարդներ, երբ դրանք կարող էր ունենալ հենց արտաքին կոնյուկտուրայի բերումով՝ ՌԴ հանդեպ պատժամիջոցների հետեւանքով։ Սակայն, ՌԴ հետ առեւտրաշրջանառությունը այս ընթացքում նվազել է միլիարդներով, ինչը հայաստանյան տնտեսության կորուստն է։
Այն պարագայում, երբ Հայաստանի կառավարության խնդիրը պետք է լիներ կոնյուկտուրայի հետեւանքով եկող միլիարդների հնարավորինս արդյունավետ «տեղաբաշխման» միջավայր ձեւավորելն ու Հայաստանի տնտեսության պոտենցիալը դրանով իսկ ավելացնելը, գեներացնելը։
Դրա փոխարեն, այդ ամենը ենթարկվում է զուտ պարզունակ քաղաքական հարաբերությունների կամ բնազդների բավարարմանը։
Դրա շրջանակում էլ, ի դեպ, Հայաստանում ըստ էության ոչնչացվում է սեփականության իրավունքի ինստիտուտը, ինչը ոչնչացնում է Հայաստանի ներդրումային վարկը ամբողջ աշխարհում։
Եվ, երբ այդ ֆոնին Ադրբեջանի բազմապատկում է իր եկամուտները, ներդրումային փաթեթներն է ավելացնում, մնում է միայն մեղմ ասած տագնապել, որովհետեւ այդ տնտեսական կարողությունները Բաքուն ծառայեցնելու է Հայաստանի դեմ իր ռազմավարական ճնշումը ուժգնացնելուն։