Ի՞նչ է սարկոման. ոսկրային սարկոմաները առավել հաճախ ախտորոշվում են երեխաների, դեռահասների և երիտասարդների շրջանում
Սարկոմայի իրազեկման ամիսը նշվում է ամեն տարի հուլիսին: Սա կարևորագույն շրջան է՝ հանրության և բժշկական համայնքի ուշադրությունը հրավիրելու այս հազվադեպ, սակայն ագրեսիվ և բարդ ուռուցքաբանական հիվանդության վրա, որը հաճախ անվանում են «մոռացված քաղցկեղ»:
Ի՞նչ է սարկոման. ի տարբերություն կարցինոմաների (որոնք առաջանում են էպիթելային հյուսվածքից՝ թոքեր, կրծքագեղձ, աղիքներ), սարկոմաները չարորակ ուռուցքներ են, որոնք զարգանում են շարակցական հյուսվածքներից:
«Հերացի» վերլուծական կենտրոնի ներկայացմամբ, սարկոմաները հիմնականում բաժանվում են երկու մեծ խմբի.
- Փափուկ հյուսվածքների սարկոմաներ, որոնք կազմում են դեպքերի գրեթե 80%-ը: Առաջանում են մկաններում, ճարպային հյուսվածքներում, արյունատար անոթներում, նյարդերում և ջլերում:
- Ոսկրային սարկոմաներ, որոնք առաջանում են անմիջապես ոսկրային հյուսվածքում (օրինակ՝ օստեոսարկոմա, Յուինգի սարկոմա):
Սարկոման ունի ավելի քան 70 տարբեր ենթատեսակ, ինչը դարձնում է դրա ախտորոշումն ու բուժումը չափազանց անհատականացված և բարդ:
Սարկոմաները կազմում են մեծահասակների չարորակ ուռուցքների ընդամենը 1%-ը: Սակայն մանկական ուռուցքաբանության մեջ պատկերն այլ է. դրանք կազմում են մանկական քաղցկեղի դեպքերի շուրջ 15%-ը:
Ոսկրային սարկոմաները (հատկապես օստեոսարկոման) առավել հաճախ ախտորոշվում են երեխաների, դեռահասների և երիտասարդների շրջանում (ակտիվ աճի փուլում), մինչդեռ փափուկ հյուսվածքների սարկոմաներն ավելի բնորոշ են տարեցներին: 5-տարվա ապրելիության մակարդակը տատանվում է 50%-ից մինչև 80%՝ կախված փուլից և տեսակից: Տեղայնացված ուռուցքների դեպքում ցուցանիշները բարձր են, սակայն մետաստատիկ փուլում բուժման արդյունավետությունը կտրուկ նվազում է:
Սարկոմայի «նենգությունը» կայանում է նրանում, որ վաղ փուլերում այն կարող է լինել լիովին անախտանիշ կամ նմանակել սովորական վնասվածքների:
Հիմնական ախտանիշներն են`
- Անցավ ուռածություն կամ հանգույց մարմնի որևէ հատվածում (հատկապես վերջույթներում, որովայնում), որը ժամանակի ընթացքում մեծանում է
- Ոսկրային ցավ, որն ուժեղանում է գիշերային ժամերին կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ (հաճախ սխալմամբ վերագրվում է «աճի ցավերին» կամ սպորտային վնասվածքներին)
- Չհիմնավորված կոտրվածքներ թույլ հարվածից կամ առանց պատճառի
Քանի որ հիվանդությունը հազվադեպ է, առաջնային օղակի բժիշկները (թերապևտներ, մանկաբույժներ, վնասվածքաբաններ) հազվադեպ են առնչվում այս հիվանդության հետ, ինչն էլ հանգեցնում է ուշացած ախտորոշման (միջինում 3-6 ամիս ուշացում): Ախտորոշման ոսկե ստանդարտը բիոպսիան է (հիստոլոգիական և մոլեկուլային հետազոտությամբ), որին նախորդում են ՄՌՏ կամ ԿՏ հետազոտությունները:
Սարկոմայի բուժումը պահանջում է բազմապրոֆիլ թիմ (ուռուցքաբան, վիրաբույժ, ճառագայթային թերապևտ, պատոմորֆոլոգ):
- Վիրահատությունը բուժման հիմնասյունն է: Ժամանակակից վիրաբուժությունը ձգտում է օրգանապահպան վիրահատությունների՝ խուսափելով մասնահատումներից դեպքերի ավելի քան 90%-ում:
- Ճառագայթային բուժում և քիմիաթերապիա: Կիրառվում են ուռուցքը նախքան վիրահատելը փոքրացնելու (նեոադյուվանտ) կամ մնացորդային բջիջները ոչնչացնելու (ադյուվանտ) նպատակով:
- Թիրախային և իմունոթերապիա: Սա բժշկության ամենաակտիվ զարգացող ուղղությունն է: Որոշակի սարկոմաների դեպքում (օրինակ՝ գաստրոինտեստինալ ստրոմալ ուռուցքներ), թիրախային դեղամիջոցները (ինչպիսին է Իմատինիբը) հեղափոխել են բուժման արդյունքները:
Իրազեկման ամսվա ռազմավարական նպատակներն են.
- Բժիշկների զգոնության բարձրացում: Կրթել առաջնային օղակի մասնագետներին՝ ցանկացած անհայտ ծագման, խորը տեղակայված և 5 սմ-ից մեծ գոյացություն դիտարկել որպես պոտենցիալ սարկոմա, մինչև չապացուցվի հակառակը:
- Ֆինանսական աջակություն, ներդրումների ավելացում:
3.Պացիենտների աջակցություն: Ստեղծել հարթակներ, որտեղ հիվանդներն ու նրանց ընտանիքները կարող են գտնել մասնագիտացված կենտրոններ և հոգեբանական աջակցություն:
Սարկոմայի դեմ պայքարում ամենահզոր զենքը ժամանակն է: Վաղ հայտնաբերումը և պացիենտին անմիջապես մասնագիտացված ուռուցքաբանական կենտրոն ուղղորդելը կտրուկ փոխում են հիվանդության կանխատեսումը:

