Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նախարարը հայտնել է, որ այդ ուղղությամբ ստեղծվել են հանձնաժողովներ:

«Այս աշխատանքը պարբերաբար շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել կատարված աշխատանքի առաջին դրական արդյունքներին. սահմանազատվել է պետական սահմանի մոտ 13 կմ-ը»,- նշել է նա:

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ երկու կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:

«Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Գործընթացը կիրականացվի, էքսկլավ գյուղերի հարցերը կստանան իրենց լուծումը»,- ասել է Բայրամովը: