Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց, դատավճիռը բեկանվեց

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Միքայել Սրբազանի դատավճիռը։ Սրբազանի տնային կալանքը վերացվեց, բացակայելու արգելքը թողնվեց անփոփոխ։

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն. Հովակիմյան և Վ. Մարգարյան) տեղի ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը։

Պաշտպանները վերաքննիչ բողոքով պահանջել են ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել Աջապահյանի անմեղությունը:

Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց հետ՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդը 2025 թ. հունիսի 28-ին  կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։  Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։