ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը և հույս է հայտնում, որ կողմերը կկրկնապատկեն իրենց ջանքերը հակամարտության վերջնական լուծման համար, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է այն հայտարարությունը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները և Իրանը պայմանավորվել են խաղաղ համաձայնագրի շուրջ, որը նախատեսում է անհապաղ և մշտական հրադադար, Հորմուզի նեղուցի բացում, ինչպես նաև հետագա բանակցությունների ձևաչափ։ Սա կարևոր քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին», – նշվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության տեքստի՝ Գուտերեշը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին, Կատարին, Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին՝ բանակցություններին աջակցելու գործում նրանց կառուցողական դերի համար։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել տևական խաղաղության հասնելու համար։

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։