Գույքագրվում են Գյումրիում կարկուտի պատճառած վնասները
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը և մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբերը ձեռնամուխ են եղել նախորդ գիշեր տեղացած ուժեղ կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով հասցված վնասների գնահատման աշխատանքներին։
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ աշխատանքային խմբերը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, գույքագրելու են ահազանգերը, տեղում ուսումնասիրելու և ճշտելու են վնասները։
Առանձին գույքագրվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։
Մարզպետի հանձնարարությամբ գործընթացը մեկնարկել է օպերատիվ և համակարգված ձևով՝ հնարավորինս արագ ամբողջական պատկեր ստանալու նպատակով։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 11-ին՝ ժամը 00։09-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի վերաբերյալ։ Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։
Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացնելով արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերում, բնակիչների անվտանգ տարհանում, ջրալցումների կանխարգելում, ինչպես նաև ջրահեռացման և մաքրման աշխատանքներ։



