Քննարկվել է ՊԳԿ-ի հետ համագործակցության և ներգրավվածության հնարավոր շրջանակը

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՊԳԿ կարևորությունը  գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հարցում՝ նշելով, որ Կազմակերպությունը ՀՀ ամենաակտիվ գործընկերներից մեկն է։

ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերն՝ ուղղված կայուն և խելացի գյուղատնտեսության ընդլայնմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերում առկա խոչընդոտների նկատմամբ դիմակայունության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՊԳԿ հետ համագործակցության և ներգրավվածության հնարավոր շրջանակը։