Լիբանանում Իսրայելի սադրանքով, որը խորքում Իրանի դեմ է ուղղված, պատերազմը կարող է վերսկսվել. 2

Սկիզբը՝ այստեղ

Ինչպես «Аргументы и факты»-ին ասել է  քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի պատմության և քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Շապովալովը, ապրիլի 26-ի գիշերը Լիբանանի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների հարձակումը դարձել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրման երկրորդ փուլի սկիզբը:

«Հետագայում այդ հարվածները կմեծանան, և հակամարտությունն ավելի և ավելի կսրվի,- ասել է նա։- Ընդգծեմ, որ Իսրայելը սկսել է էսկալացիայի 2-րդ փուլը, քանի որ Ամերիկան և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ։ Իսրայելը տվյալ դեպքում ԱՄՆ- ից անջատ չի գործում, և հենց որ, համապատասխանաբար, բանակցությունները, բանակցային ուղին ընդհատվեց, Իսրայելն անմիջապես հարված հասցրեց»:

Փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տվյալ իրավիճակում Իսրայելը չունի Միացյալ Նահանգներից առանձին ինքնիշխանություն:

«Դրանք Իսրայելի ինքնուրույն գործողությունները չեն,- ասել է քաղաքագետը:- Իսրայելն ընդհանրապես սուբյեկտ չէ, այն չունի Միացյալ Նահանգներից առանձին ինքնիշխանություն։ Իսրայելն, իհարկե, ԱՄՆ-ին հրահրել է այս ռազմական հակամարտության մեջ, նա ԱՄՆ-ին ներքաշում է ռազմական հակամարտության մեջ, բայց Իսրայելը չունի լիակատար ինքնիշխանություն, այն ամբողջովին կախված է Միացյալ Նահանգներից: Դա կարևոր պահ է։ Խոսել այն մասին, որ Իսրայելը ինչ-որ բան անում է ինքնուրույն, առանց ԱՄՆ-ի, այնքան էլ կոռեկտ չէ»:

Շապովալովի խոսքով՝ Իսրայելին պետք է շարունակել պատերազմը։

«Իսրայելը շահագրգռված է հակամարտության շարունակմամբ, այն կխաթարի ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները,- ասել քաղաքագետը։- Հակամարտության ավարտն իրականում կլինի Նաթանյահուի կառավարության պարտությունը: Եվ ավելին. դա կարող է հանգեցնել բավականին տխուր հետևանքների հենց Նաթանյահուի և նրա մերձավոր շրջապատի համար։ Խոսքը դատական գործընթացների, քրեական ժամկետների մասին է»:

Ինչպես նշել է Շապովալովը, Թրամփին, իր հերթին, անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դուրս գալ հակամարտությունից, որքան հնարավոր է, դեմքի քիչ կորստով:

«Հասկանալի է, որ աշնանային ընտրություններում Թրամփն արդեն պարտվել է, Բայց հարցն այն է, թե որքան մասշտաբային կլինի պարտությունը,- ասել է քաղաքագետը:- Թրամփի համար կարևոր է հնարավորինս արագ ավարտել հակամարտությունը, բայց նա չի կարող ընդունել իր պարտությունն այդ հակամարտությունում, ուստի նրան պետք է հաղթանակի փաստ, թեկուզ պատրանքային։ Տվյալ դեպքում Միացյալ Նահանգների համար դա անհաջող պատերազմ է, բայց նրանք պետք է դրանից դուրս գան դեմքի նվազագույն կորստով»:

Շապովալովը հավելել է, որ Թրամփը միաժամանակ կշարունակի աջակցել Նաթանյահուին:

«Իսրայելը ցանկանում է շարունակել, իսկ Ամերիկան ցանկանում է արագ ավարտել հակամարտությունը։ Այստեղ շահերի բախում, իհարկե, գոյություն ունի, և այն բավականին լուրջ է։ Իսրայելն ամերիկացիներին ներքաշել է այս պատերազմի մեջ։ Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ Թրամփի վարչակազմի համար երկրի ներսում բավականին լուրջ դիմակայության պայմաններում, այն պայմաններում, որ ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից չի աջակցում իրենց, Իսրայելը, չնայած այն հանգամանքին, որ նա այլ շահեր ունի, ըստ էության, Թրամփի համար այսօրվա դրությամբ միակ հավատարիմ դաշնակիցն է: Եվ Թրամփը, չնայած այն հանգամանքին, որ Նաթանյահուն իրեն փաստացի դավել, փաստի առջև է կանգնեցրել, կաջակցի նրան, քանի որ ԱՄՆ-ի առաջնորդը այլ տարբերակներ չունի»,- ամփոփել է Շապովալովը։

Շապովալովի հետ Իսրայելի ինքնուրույն լինել- չլինելու, ինքնուրույն գործել-չգործելու հարցում կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, ընդ որում, երկու դեպքում էլ բերելով փաստարկներ: Ավելին. քաղաքագետի խոսքում ակնհայտ է հակասությունը, քանի որ նա մի կողմից այն միտքն է արտահայտել, որ Իսրայելն ինչ-որ բան չի անում ինքնուրույն, առանց ԱՄՆ-ի (ԱՄՆ-ի գիտության, համաձայնության, օժանդակության), մյուս կողմից նշել, որ Իսրայելը, ի տարբերություն ԱՄՆ-ի, շահագրգռված լինելով հակամարտության շարունակմամբ, կխաթարի ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները:

Այնուհանդերձ, կարծում ենք, Շապովալովը չի սխալվում այն հարցում, որ Իսրայելն անհրաժեշտ է համարում շարունակել պատերազմը վերը նշված պատճառներով։ Բացի այդ, դժվար չէ հասկանալ, որ Նաթանյահուն պատերազմի շարունակումն անհրաժեշտ է համարում, քանի որ Իրանի, «Հըզբոլահ»-ի և Լիբանանի հարցում սիոնիստական Իսրայելը չի հասել իր ռազմավարական նպատակներին: Հետևաբար իսկապես հնարավոր է, որ Լիբանանին հարվածները հետագայում մեծանան և հակամարտությունն ավելի և ավելի սրվի:

Թրամփը Իրանի նկատմամբ գործողությունների երկու տարբերակ է քննարկում.

Իրանական հակամարտությունը մտել է սառը պատերազմի փուլ. ուժեղանում են ֆինանսական պատժամիջոցները, քննարկվում է բանակցությունների անցկացման հնարավորությունը:

«Новости Mail»-ի փոխանցմամբ, ամերիկյան «Axios» պորտալը գրել է, որ փակուղուց ելք դեռևս չի երևում, և Վաշինգտոնում մտահոգված են, որ ԱՄՆ-ը ներքաշվում է «սառեցված հակամարտության մեջ՝ և՛ առանց պատերազմի, և՛ առանց գործարքի»: Այդ դեպքում ԱՄՆ-ը ստիպված կլինի տարածաշրջանում իր ուժերը պահել դեռ շատ ամիսներ, Հորմուզի նեղուցը փակ կմնա, նավթի համաշխարհային գները կշարունակեն աճել, իսկ հակամարտող կողմերից յուրաքանչյուրը կսպասի, թե երբ մյուսը կհանձնվի կամ առաջինը կկրակի։

Պաշտոնյաների խոսքով՝ այժմ, երբ ԱՄՆ- ի միջանկյալ ընտրություններին մնացել է 6 ամիս, սառեցված հակամարտությունը Թրամփի համար ամենավատ տարբերակն է քաղաքական և տնտեսական առումով: Այդ իսկ պատճառով նա մտածում է գործողությունների երկու տարբերակի մասին՝ Իրանին ռազմական հարվածների վերսկսումը և պատժամիջոցների տեսքով Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը։

Պարբերականը պնդում է, որ Թրամփը ժամանակ առ ժամանակ հակված է կոշտ դիրքորոշման: Վերջերս նա ասել է, որ «այն ամենը, ինչ հասկանում են Իրանի առաջնորդները, դա ռումբերն են»: Ամերիկյան «բազեները» Թրամփին կոչ են անում չհանձնվել ու մերժել խաղաղության համար Իրանի բոլոր առաջարկները: Սակայն, ինչպես վկայակոչելով իր աղբյուրներին. գրել է «Axios»-ը, նա չի շտապում կիրառել ուժ ու մնում է իրատես: Իսկ չի շտապում գուցե ա՞յն պատճառով, որ ԱՄՆ-ն այժմ զբաղված է տարածաշրջանում իր ռազմական պաշարների համալրմամբ…

 

Արթուր Հովհաննիսյան