Լիբանանում Իսրայելի սադրանքով, որը խորքում Իրանի դեմ է ուղղված, պատերազմը կարող է վերսկսվել
ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի վերջին նախատեսված բանակցությունները, որոնք պետք է կայանային Պակիստանի միջնորդությամբ, խափանվեցին՝ այդպես էլ չհասցնելով սկսվել։ Դիվանագիտական այս ձախողումը ևս մեկ անգամ ընդգծեց Վաշինգտոնի և Թեհրանի միջև խորը հակասությունները՝ նրանց ձգձգված հակամարտությունը տեղափոխելով նոր և էլ ավելի պայթյունավտանգ փուլ:
Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ. վտանգված է ոչ միայն տարածաշրջանային անվտանգությունը, այլև գլոբալ էներգետիկ շուկաների կայունությունը։ Նավթի համաշխարհային գները բարձրացել են սակարկությունների բացումից հետո։
Բանակցությունների տապալումն ինքնաբուխ չէր. այն դարձավ դիրքերի անհամատեղելիության օրինաչափ արդյունք։ Թեհրանն ի սկզբանե կոշտ գիծ է բռնել՝ հասկացնելով, որ չի ընդունի Միացյալ Նահանգների առավելապաշտական պահանջները։
Վաշինգտոնն, իր հերթին, բացարձակ վստահություն է ցուցաբերում սեփական բանակցային դիրքորոշման ուժի նկատմամբ։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ընդգծել է, որ բոլոր հաղթաթղթերն իր ձեռքում են։ Ուժի դիրքերից ճնշման այս տրամաբանությունը, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, դիվանագիտական գործընթացը միայն փակուղի է տանում՝ տարածաշրջանը թողնելով ծայրահեղ տուրբուլենտության վիճակում։
Ինչպես, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, հայտարարել է Պենտագոնի պաշտոնաթող սպա և ռազմական վերլուծաբան Դևիդ Փայնը, ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակումը կարող է նավթի գները բարձրացնել մինչև 200 դոլար մեկ բարելի դիմաց: Ռիսկի լրացուցիչ գործոն է «Անսար Ալլահ» շարժման (հուսիթների) հնարավոր որոշումը Կարմիր ծովում միջազգային նավարկությունը կրկին փակելու մասին:
«Հավանական է, որ շրջափակումը նաև հուսիթներին հրահրի Կարմիր ծովում կրկին մտցնել միջազգային նավագնացության շրջափակում, ինչը կարող է գների կտրուկ աճ առաջացնել մինչև 200 դոլար մեկ բարելի դիմաց»,- փորձագետի խոսքերն է մեջբերել «РИА Новости»-ն:
Վերլուծաբանը նաև նախազգուշացրել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը և Հորմուզի նեղուցի շրջանում խափանումները կհարվածեն պարարտանյութերի մատակարարմանը: Արդյունքը՝ համաշխարհային պարենային ճգնաժամն է: Սպասվում է սով:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանում նավթամուղերը պայթելու են 3 օրից: Նրա խոսքով՝ ծովային շրջափակումն Իսլամական Հանրապետությանը թույլ չի տալիս վառելիք մատակարարել։ Ըստ Թրամփի, դրա պատճառով նավթամուղերը կարող են չդիմանալ ներքին ճնշմանը։
Իրանը, Life.ru-ի փոխանցմամբ, ամերիկյան կողմին է փոխանցել հակամարտության դիվանագիտական կարգավորման եռափուլ բանաձևը։ Ինչպես հաղորդել է «Al Mayadeen» հեռուստաալիքը, առաջին փուլը պատերազմը կանգնեցնելն ու ԱՄՆ-ից գրավոր երաշխիքներ ստանալը, որ թե Իրանը, թե Լիբանանն այլևս հարձակումների չեն ենթարկվի:
Եթե ամերիկացիներն այդ երաշխիքները տան, կսկսվի 2-րդ փուլը։ Այստեղ Իրանն առաջարկում է Օմանի հետ համատեղ նոր իրավական ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար։ Եվ միայն այն ժամանակ, երբ նավագնացությունը կարգավորվի, կողմերը կանցնեն 3-րդ և ամենազգայուն կետին՝ Իրանի միջուկային ծրագրի քննարկմանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ հաջորդ փուլ անցնելն անհնար է առանց նախորդի կատարման: Միջնորդներն առաջարկն արդեն փոխանցել են Վաշինգտոնին։
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանն ավելի վաղ Պակիստանի վարչապետի հետ զրույցում, «РИА Новости»-ի փոխանցմամբ , հայտարարել էր, որ Թեհրանը չի մասնակցի խաղաղության շուրջ բանակցություններին ճնշման, սպառնալիքի կամ Հորմուզի նեղուցի արգելափակման պայմաններում: Իրանի նախագահն ուղղակիորեն հայտարարել է, որ երկխոսությունը վերսկսելու համար ամերիկյան կողմը ստիպված կլինի հեռացնել բոլոր խոչընդոտները։
Ըստ ամերիկյան «Axios» լրատվական կայքի, իրանական կողմը Պակիստանում միջնորդների միջոցով ԱՄՆ-ին առաջարկել է կենտրոնանալ ծովային շրջափակման վերացման և երկարաժամկետ հրադադարի հաստատման վրա՝ միառժամանակ հետաձգելով հարստացված ուրանի արտահանման և դրա արտադրությունը 10 տարով դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջների քննարկումը:
«Նոր առաջարկն ուղղված է բանակցություններում առկա պատային իրավիճակի հաղթահարմանը և միջուկային զիջումների մասշտաբի շուրջ տարաձայնություններին, որոնց Իրանի ղեկավարությունը պատրաստ է գնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ գործարքի հասնելու համար»,- գրել է «Axios»-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար նման սցենարը, «Axios»-ի մեկնաբանությամբ, կարող է նշանակել ճնշման առանցքային լծակների կորուստ: Արևմտյան լրատվամիջոցն այսպիսով անտեսել է, որ Իրանը հանուն երկարաժամկետ խաղաղության, տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանային ու համաշխարհային կայունության, առաջարկում է երկուստեք վերաբացել Հորմուզի նեղուցը, ինչը նաև Իրանի համար է ճնշման առանցքային լծակի կորուստ: «Fox News»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահը հասկացնել է տվել, որ մտադիր է շարունակել շրջափակումը՝ հույս ունենալով, որ տնտեսական ճնշումը կստիպի Իրանին զիջել:
Նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում Թրամփը նաև հայտարարել է, որ իր վարչակազմի ներկայացուցիչներին այլևս չի ուղարկի Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների համար: «Axios»-ի հրապարակման համաձայն, Թրամփն ապրիլի 27-ին մտադիր է իր կաբինետի նիստ անցկացնել՝ Իրանի հետ բանակցություններում առաջացած փակուղին, ինչպես նաև հակամարտության շրջանակներում հետագա գործողությունների հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով:
Թրամփն ավելի վաղ Վաշինգտոնի հետ համաձայնության հասնելու համար Իրանի իշխանությունների ներկայացրած առաջարկներն անբավարար էր համարել:
«Նրանք առաջարկել են շատ, բայց ոչ բավարար»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ-ի նախագահը լրագրողներին:
Ապրիլի 25-ին Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Թալաինին հանդես էր եկել հայտարարությամբ, որ ԱՄՆ-ը ցանկանում է «պահպանել դեմքը» և միջոց է փնտրում Մերձավոր Արևելքի հակամարտությունից արժանապատվորեն դուրս գալու համար:
Ինչպես Իսրայելը, այնպես էլ ԱՄՆ-ը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի վերսկսմանը: ԱՄՆ-ը, դասեր քաղելով պատերազմի նախորդ փուլից, Life.ru-ի փոխանցմամբ, AGM-114L «Longbow Hellfire» («Երկար աղեղ Դժոխքի կրակ») և «Coyote» հրթիռներով արձակման համակարգերով շտապ վերազինում է իր ավիակիր հարվածային խմբավորումներն Իրանի ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար:
«Թրամփի դատաստանի օրը մոտ է. արևելագետը գնահատել է Իրանի և ԱՄՆ-ի զինադադարի հնարավորությունները». այսպես է իր հրապարակումը վերնագրել Life.ru-ն:
«…Պետք է հիշել, որ ապրիլի 27- ին գալիս է այն ժամկետը, որից հետո (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը) չի կարող պատերազմել առանց Կոնգրեսի թույլտվության»,- «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում ընդգծել է արևելագետ Թուրալ Քերիմովը:
Ապրիլի 27-ը Վաշինգտոնում կավարտվի վաղը Երևանի ժամանակով 11:00-ին: Եթե մինչ այդ պատերազմը չվերսկսվի, դրանից հետո հարց է, թե Կոնգրեսն արդյոք կտա՞ վերոնշյալ թույլտվությունը…
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

