«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է»․ Գարի Քյոսայան

Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում տեղի ունեցավ լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ «60 տարի բեմում» խորագրով։ Երաժշտական երեկոն անցկացվեց «Jazz for Peace» նախագծի շրջանակում և դարձավ մշակութային կյանքի վառ իրադարձություն։ Համերգը մեկ բեմում համախմբեց համաշխարհային ջազի նշանավոր ներկայացուցիչների։ Ծրագրին մասնակցեցին ջազային վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար և վոկալիստ Ջոնի Բրիտը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը, հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը, ինչպես նաև դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը։ Մաեստրոյի հետ նրանք ներկայացրին հագեցած և բազմաշերտ ծրագիր, որը միավորեց ջազային երաժշտության տարբեր դարաշրջաններ և ոճեր։ 

Հնչեցին ինչպես աշխարհահռչակ ջազային և բլյուզային ստեղծագործություններ, որոնք դարձել են ժանրի դասականներ, այնպես էլ Գարի Քյոսայան կոմպոզիտորի, դաշնակահարի և ժամանակակից ջազային ասպարեզի առանցքային ներկայացուցիչներից մեկի հեղինակային գործերը։ Համերգին առանձնահատուկ նշանակություն հաղորդեց նրա մարդասիրական առաքելությունը։ «Jazz for Peace» նախագիծը միտված էր երաժշտության լեզվով խաղաղության, սիրո և փոխըմբռնման գաղափարների տարածմանը։ Միջոցառումը համախմբեց պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի, բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հասարակությանը՝ դառնալով մշակութային երկխոսության և միջազգային համագործակցության հարթակ։ 

Երեկոյին հատուկ հուզական խորություն հաղորդեցին մաեստրո Գարի Քյոսայանի խոսքերը, որոնցում արտացոլվեց նրա ստեղծագործական փիլիսոփայությունն ու վերաբերմունքը հանդիսատեսի նկատմամբ «Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է։ Ես անսահման երախտապարտ եմ իմ հանդիսատեսին, որը ոգեշնչում է ինձ իր բարությամբ և էներգիայով։ Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում նաև իմ հովանավորներին, որոնք գնահատում և աջակցում են իմ արվեստը»։ Ապրիլի 27-ին մաեստրոն նշում է իր տարեդարձը։