Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կվերսկսի ապրիլի 17-ին

«Տաշիր» գրուպ ընկերությունների սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կվերսկսի ապրիլի 17-ին՝ 13:30։

Կարապետյանի վերաբերյալ գործը այսօր քննվում էր  Հակակոռուպցիոն դատարանում։

Հիշեցնենք, որ տասը ամիս տևած քննությունից հետո այսօր մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:

Առաջին նիստին ընդառաջ փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատարան, որ դատավորը առաջնահերթ քննի Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը:

Մինչդեռ դատախազը միջնորդել էր Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով։ 

Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտարարել էր. «Ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և կարևոր է, որ մինչ այդ Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին։ Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ դա կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին»։