Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի Մերձավոր Արևելք՝ միջնորդության նպատակով. Չինաստանի ԱԳ նախարար

Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի Մերձավոր Արևելք՝ միջնորդական առաքելությամբ: Այս մասին չորեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի իր գործընկերներին հայտնել է ԱԳ նախարար Վան Ին՝ համաձայն նախարարության տարածած հայտարարությունների, քանի որ տարածաշրջանում հակամարտությունը շարունակում է սրվել, հայտնում է Reuters-ը։ 

Չինաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վան Ին նշել է, որ Պեկինը բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի զսպվածությունը և տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հաստատակամությունը:

Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի հետ առանձին հեռախոսազրույցում Վան Ին ընդգծել է, որ հակամարտությունների ժամանակ խաղաղ բնակչության պաշտպանության «կարմիր գիծը» չպետք է հատվի, և ոչ ռազմական թիրախները, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքները, չպետք է ենթարկվեն հարձակման: Նա նաև կոչ է արել ապահովել նավագնացության երթուղիների անվտանգությունը: