Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մասնակիցներին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա հայտարարությունը հրապարակվել է ԱԷՄԳ կայքում:

«Դիվանագիտությունը բարդ է, բայց երբեք անհնար չէ։ Միջուկային դիվանագիտությունը շատ ավելի բարդ է, բայց երբեք անհնար չէ։ Հարցն այն չէ՝ արդյոք կհավաքվենք, այլ այն, թե երբ կհավաքվենք բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պարզապես պարտավոր ենք դա անել որքան հնարավոր է շուտ», – ասել է Գրոսին ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի հատուկ նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրադրությանը։