«Տրամադրվում ես, մտածում ես, գծում ես, գրում ես, պատրասվում ես, ոգևորվում ու ոգևորում ես ու մեկ էլ…». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Տրամադրվում ես, մտածում ես, գծում ես, գրում ես, պատրասվում ես, ոգևորվում ու ոգևորում ես ու մեկ էլ… Մեկ էլ հիշում ես, որ էն ամենը, ինչի համար արժեր տրամադրվել, մտածել, գրել, ոգևորվել ու պատրաստվել, ոչ միայն չկա, այլև դրա գոյության հիշողությունը նույնիսկ հերքվում է։

Նայում ես շուրջդ կատարվողին, քննարկվողին, արվողին…
Ու էդ պահին գրածդ ջնջում ես, մտածածդ դառնում անիմաստ, կազմածդ՝ անհեռանկար։
Անցնում են րոպեներ։

Ուղեղումդ, ի հեճուկս ամեն «ռացիոնալի» ու «պրագմատիկի», բյուրեղանում է միակ ու բացարձակ ճշմարտությունը. առանց Արցախ չկա հայկական Հայաստան, որովհետև Արցախը մեր ազգային բոլոր լավ ու ազգային հատկանիշների հավաքական մարմնացումն էր։ Ու եթե գոնե չերազել այդ խորհրդանիշի մասին, ապա մնացած այս փոքր հողակտորի վրա որևէ բան կառուցել հնարավոր չէ։

Ու էդ մտքից նորից ամեն բան դառնում է իմաստավոր, որովհետև «ինչ փույթ կյանքը մեռնող, երբոր երազը կ՚ապրի, երբոր երազն անմահ է»։

Եվ նորից սկսում ես մտածել, գծել ու գրել երազի մասին…»: