ՀՀ ԲՏԱ նախարարն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն փետրվարի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունից հավելելով, որ հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, պաշտոնատար այլ անձինք։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել Հայաստան–Հնդկաստան համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում՝ ընդգծելով ձևավորված բարեկամական և վստահելի գործընկերության, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման և հետագա ընդլայնման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են նաև ռազմարդյունաբերության ոլորտում արդեն մեկնարկած համագործակցությանը և համատեղ նախագծերին՝ կարևորելով դրանց հետևողական զարգացումն ու ընդլայնումը, քննարկվել են նաև գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների (R&D) ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունները։

Գեներալ Անիլ Չաուհանն իր հերթին ներկայացրել է Հնդկաստանի կառավարության քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև  առկա նորարարական ու ստարտափ նախաձեռնությունները՝ վերահաստատելով պաշտպանության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Ամփոփելով հանդիպումը՝ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ երկկողմ համագործակցության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների շարունակման շուրջ։