ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղին տարիներ ի վեր վարձակալված է եղել սեփականատերերի մերձավորից՝ ամսական 12,7 մլն ՀՀ դրամ վարձավճարով։ Այդ մասին ասված է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:

«Միաժամանակ, ՀԷՑ-ի սեփականությունը հանդիսացող՝ նմանատիպ մեկ այլ տարածք (Երևանում ավելի նպաստավոր տեղադիրքով) ամսական ընդամենը 127 հազար ՀՀ դրամ վարձավճարով տարիներ ի վեր վարձակալության է հանձնված եղել սեփականատերերին «փոխկապակցված»՝ ՀԷՑ-ի կապալառու հանդիսացող ընկերություններից մեկին։

Երկու պայմանագրերն էլ մեր նախաձեռնությամբ՝ սահմանված ընթացակարգերով կասեցվել են։

Նոր կենտրոնակայանի թեթև բարեկարգման և առկա ենթակառուցվածքների նորացման փուլից հետո՝ մոտ օրերս, ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք։

Արդյունքում ՀԷՑ-ի ֆինանսական միջոցներից տարեկան լրացուցիչ խնայողությունը կկազմի ավելի քան 150 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի ենթակառուցվածքների նորացմանը»,- նշված է գրառման մեջ։