ԱՄՆ-ում ներկայացրել ենք ՀՀ-ում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները․ Լիլիա Շուշանյան

«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան էջում գրում է «Փետրվարի 1–3-ը ես և Արամ Վարդևանյանը մասնակցեցինք «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»՝ ներկայացնելով Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև կրկին բարձրաձայնելով Բաքվում պահվող մեր հայրենակիցների և Արցախում մնացած հոգևոր ժառանգության պահպանման հրատապ հարցերը։

Պատիվ ունեցանք առանձին հանդիպման ընթացքում այս թեմաները քննարկել նաև գագաթնաժողովի համանախագահների և կրոնական ազատության պաշտպանության համաշխարհային առաջատարների՝ պարոն Սեմ Բրաունբեքի և տիկին Կատրինա Լանթոս Սվետի հետ։

Սեմ Բրաունբեքը ամերիկացի պետական գործիչ և դիվանագետ է, որը լայնորեն ճանաչված է որպես կրոնական ազատության համաշխարհային առաջատար պաշտպաններից մեկը։ Նա ԱՄՆ-ի նախկին սենատոր և Կանզասի նահանգապետ է, իսկ 2018–2021 թթ նախագահ Թրամփի վարչակազմում ծառայել է որպես ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան։

Կատրինա Լանթոս Սվետը ամերիկացի իրավապաշտպան և քաղաքական գործիչ է, միջազգային կրոնական ազատության ոլորտի փորձագետ։ Նա ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) նախկին նախագահն է և մարդու իրավունքների ոլորտում խորհրդանշական գործիչ Թոմ Լանթոսի դուստրը։ Նա նաև իր հոր ժառանգությունը շարունակելու նպատակով ստեղծված Lantos Foundation for Human Rights and Justice կազմակերպության նախագահն է»,- գրել է նա։