Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացվում է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ հանցավոր կազմակերպության անդամները գործարկելով բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր, հարթակներ, ինչպես նաև օգտագործելով գոյություն չունեցող ընկերությունների կայքեր՝ հեռահաղորդակցության ընթացքում տուժողներին ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին, հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկեր:
Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամներն ապօրինի, անհատույց իրենցն են դարձրել արտասահմանյան երկրների բազմաթիվ տուժողների՝ առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:
Կատարված նախաքննության ընթացքում հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 410 մլն 853 հզր ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու հանգամանքը։
Հանցավոր կազմակերպության անդամի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

