ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի տեղակալ
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը` ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։
Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:
Անդրադառնալով Միջին Արևելքին Հայաստանի աշխարհագրական մերձակայությանը, տարածաշրջանի երկրների հետ պատմականորեն բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև հայկական համայնքների նշանակալի ներկայությանը՝ ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշել է հայ խաղաղապահների ներդրումը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում (UNIFIL)։
Անանյանը նաև նկատել է, որ ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով։
Ընդգծվել է, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ 2025 թ. նոյեմբերի 17-ին ընդունված ՄԱԿ ԱԽ 2803 բանաձևը և, որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային հանձնառությունը՝ շեշտելով Խաղաղության խորհրդի շրջանակներում ակտիվորեն ներգրավվելու ՀՀ պատրաստակամությունը։
Իր խոսքում Անանյանը նաև առանձնանշել է Հայաստանի հետևողական սատարումը բարեկամ Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ հավելելով, որ սիրիական առաջնորդությամբ իրականացվող հետհակամարտային վերականգնման և խաղաղաշինության գործընթացը կարևորագույն նշանակություն ունի երկրում տևական խաղաղություն ապահովելու համար։

