Միջազգային դերակատարները, ովքեր պարբերաբար ողջունում են ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների «դրական ընթացքը», չեն նկատում ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում. Տիգրան Աբրահամյան
«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին։ Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Միջազգային դերակատարները, ովքեր պարբերաբար ողջունում են ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների «դրական ընթացքը», չեն նկատում ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, «չեն նկատում» Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքն ու ուժի դիրքերից խոսելու մոտեցումը։
Նույն միջազգային դերակատարները, որոնք խոսում են ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից, չնկատելու են տալիս արցախցիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունն ու խախտված իրավունքները, որևէ կերպ «չեն տեսնում» ադրբեջանական բանտերում հայտնված հայերի շուրջ տեղի ունեցող ապօրինությունները։
«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին»։

