Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է

«Սիրեք, հարգեք բանակը: Բանակ չունեցանք՝ մեզ ոչ ոք չի հարգելու: Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը, կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը նրանց վրա է կանգնում»։ Վազգեն Սարգսյան

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է, 34-րդ տարեդարձը։

1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր՝ առանց նախարարության:

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 

1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունն սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում: