Բաքվում բացառել են Արցախի ղեկավարների ազատ արձակումն ու հանձնումը

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ համաձայնության համաձայն և մարդասիրության սկզբունքներով առաջնորդվելով՝ չորս անձինք՝ Վագիֆ Խաչատրյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը և Վիգեն Աբրահամ Էուլջեքջյանը, որոնք Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղավոր էին ճանաչվել և պատիժ էին կրում Ադրբեջանում, փոխանցվել են Հայաստանին։ Այս մասին գրում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ չնայած հանրությանը պարզաբանվել են այս քայլի օբյեկտիվ պատճառները, սոցիալական ցանցերում քննարկումները ենթադրում են, որ ներկայումս ընթացող դատավարությունների մասնակիցները նույնպես ժամանակի ընթացքում կարող են փոխանցվել Հայաստանին։

Ադրբեջանի կառավարության աղբյուրները APA-ին հայտնել են, որ նման բան անհնար է։

«Այս ենթադրությունները պատրանքային բնույթ են կրում։ Բացառվում է խունտայի առաջնորդների և ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած այլ անձանց ազատ արձակումը կամ Հայաստան տեղափոխումը», – նշել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: