ԵՄ-ը ողջունում է հայ գերիների վերադարձը
Եվրոպական Միությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից չորս հայ գերիների ազատ արձակմանը և նրանց Հայաստան տեղափոխմանը։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող չորս հայերի ազատ արձակումը և փոխանցումը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին», – գրել է ԵՄ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անիտա Հիպպերը սոցիալական ցանցում։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ։
«ԵՄ-ը ջերմորեն ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայերի ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ձեռնարկվող այլ դրական քայլերը համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ», – գրել է Գրոնոն X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ նախօրեին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը վերադարձել են ադրբեջնական գերեվարությունից։
Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։
Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս-Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։
Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։

