Դանիան ՆԱՏՕ-ի հետ գործակցությամբ կմեծացնի Գրենլանդիայում ռազմական ներկայությունը

Դանիայի Զինված ուժերը հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համագործակցությամբ կմեծացնեն ռազմական ներկայությունը Գրենլանդիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում նաև նշված է կղզու տարածքում զորավարժանքներ իրականացնելու մասին։

«Այսօրվանից կավելացվի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում և դրա շուրջ՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- ասված է հայտարարությունում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռ իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն է հայտնել, որ այն կարելի է անեքսիայի ենթարկել։ Օրերս Թրամփը  հայտարարեց, եթե ԱՄՆ-ն ձեռք չբերի Գրենլանդիան, ապա «Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն»։

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով և ունի անկախություն հռչակելու իրավունք։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հունվարի 13-ին հայտարարել է, որ կղզին նախընտրում է լինել Դանիայի կազմում և չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս։