Ուլտրամշակված սննդամթերքը համակարգային սպառնալիք է սերնդի առողջության համար

Ժամանակակից բժշկությունը բախվում է յուրօրինակ պարադոքսի․ չնայած տեխնոլոգիական առաջընթացին և ֆարմակոլոգիայի զարգացմանը՝ քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների բեռը շարունակաբար աճում է։

Վաղուց հաստատված է, որ մարդու առողջության ձևավորումը պայմանավորված է ոչ միայն բժշկական միջամտություններով և դեղորայքային վերահսկմամբ, այլև կենսակերպային գործոններով, այդ թվում նաև սննդակարգով։ Այս համատեքստում վերջին տարիներին, գիտնականների հետաքրքրությունը կենտրոնացել է սննդակարգի որակական բնութագրերի վրա՝ առանձնահատուկ կարևորություն տալով սննդամթերքի արդյունաբերական մշակման աստիճանին։

Սննդային համակարգերի գլոբալ վերափոխման պայմաններում ուլտրամշակված սննդամթերքները (ՈւՄՍ), որոնք ըստ NOVA դասակարգման (սննդամթերքի դասակարգման համակարգ՝ ըստ արդյունաբերական մշակման աստիճանի) ընդգրկված են չորրորդ խմբում, դարձել են բազմաթիվ երկրների բնակչության սննդակարգի գերակշռող բաղադրիչը։ Զարգացած երկրներում ՈւՄՍ-ն ապահովում են օրական կալորիականության ավելի քան 50%-ը, իսկ բնակչության առանձին խմբերում՝ հատկապես երեխաների և սոցիալապես խոցելի խմբերում, այդ ցուցանիշը հասնում է մինչև 80%-ի։ Բժշկական հանրության համար առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՈւՄՍ-ի հիմնական սպառողները երեխաներն ու դեռահասներն են, որոնք փաստացի ներգրավվում են աննախադեպ կենսաբանական փորձի մեջ, որի հետևանքները արդեն արտահայտվում են քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության աճով։

NOVA դասակարգման չորրորդ խմբին պատկանող ՈՒՄՍ-ն՝ արդյունաբերական ծագման մթերքներ են, որոնք պատրաստվում են ոչ թե ամբողջական սննդամթերքից, այլ դրա էքստրակտներից (յուղեր, ճարպեր, շաքարներ, օսլաներ, սպիտակուցային իզոլատներ), հաճախ ենթարկվում են քիմիական մոդիֆիկացիայի և պարունակում սննդային հավելումներ, որոնք չեն կիրառվում տնային խոհարարության մեջ։ Դրանց շարքում են նիտրիտներն ու նիտրատները (E250, E251), ֆոսֆատները, բուրավետիչները, համի ուժեղացուցիչները (օրինակ՝ նատրիումի գլուտամատը), ինչպես նաև ներկանյութերը, կայունացուցիչներն ու էմուլգատորները։ NOVA 4 խմբին են դասվում ոչ միայն արագ սննդի տեսակները (ֆաստ-ֆուդ, հոթ-դոգ) և քաղցր գազավորված ըմպելիքները, այլև լայնորեն սպառվող արդյունաբերական մթերքներ, ինչպիսիք են չոր նախաճաշերը, սառեցված պատրաստի ուտեստները, ոչ ամբողջական մսից պատրաստված մսամթերքը՝ երշիկեղենն ու նրբերշիկները, ապխտած միսը, պատրաստի պաշտետները, պինդ ապուրները, գործարանային խմորեղենը, բուրավետացված յոգուրտները, էներգետիկ քաղցրավենիքները:

2024 թվականին հրապարակված լայնածավալ ծածկոցային ակնարկը (umbrella review), նվիրված մարդու առողջության վրա ՈւՄՍ-ի ազդեցության գնահատմանը, ներառել էր 45 մետավերլուծություն՝ գրեթե 10 միլիոն մասնակցի տվյալներով։ Ստացված արդյունքները վկայում են ՈւՄՍ-ի օգտագործման և առողջության համար անբարենպաստ ելքերի միջև առկա ուղիղ և կայուն փոխկապակցության մասին՝ 32 տարբեր ցուցանիշների շրջանակում, ներառյալ ընդհանուր մահացությունը, ուռուցքաբանական հիվանդությունները, կարդիոմետաբոլիկ, հոգեկան և շնչառական առողջությունը։

ՈւՄՍ-ի վնասակար ազդեցության մեխանիզմները բազմաբնույթ են։ Դրանց բնորոշ է բարձր էներգետիկ խտություն, ազատ շաքարների, հագեցած ճարպերի և նատրիումի ավելցուկային պարունակություն՝ սննդային թելիկների և միկրոտարրերի անբավարարության պայմաններում։ Սննդանյութերի արագ և հեշտ յուրացումը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի և ինսուլինի մակարդակների կտրուկ տատանումների, ինչը նպաստում է նյութափոխանակային խանգարումների ձևավորմանը։ Միաժամանակ, էմուլգատորների և արհեստական քաղցրացուցիչների օգտագործումը բացասաբար է անդրադառնում աղիքային միկրոբիոտայի հավասարակշռության վրա։ Նշված գործոնների համակցված ազդեցության արդյունքում զարգանում են համակարգային բորբոքում և օքսիդատիվ սթրես։ Առանձին անհրաժեշտ է ընդգծել նաև պլաստիկ փաթեթավորման նյութերի վնասակար ազդեցությունը, որոնք պարունակում են ֆթալատներ և բիսֆենոլներ և կարող են լրացուցիչ նպաստել առողջական ռիսկերի աճին։

Նշված ակնարկի տվյալների համաձայն՝ առավել համոզիչ ապացույցներն առնչվում են ՈւՄՍ-ի ազդեցությանը սիրտանոթային համակարգի վրա։ ՈւՄՍ-ի մեծ քանակությամբ օգտագործումը կապված է սիրտանոթային պատճառներով մահացության ռիսկի 50%-ով աճի, սրտի հիվանդություններից մահացության՝ 66%-ով բարձրացման, ինչպես նաև ընդհանուր մահացության՝ 21%-ով աճի հետ։

Կարդիոմետաբոլիկ խանգարումները ձևավորվում են արդեն ամենավաղ փուլերում։ Հետազոտությունների տվյալները վկայում են, որ ՈւՄՍ-ի բարձր օգտագործման պայմաններում 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը աճում է 37–40%-ով, զարկերակային գերճնշման ռիսկը՝ 32%-ով, ընդհանուր ճարպակալման՝ 32–55%-ով, իսկ աբդոմինալ ճարպակալման՝ 41%-ով։ Զուգահեռաբար խաթարվում է լիպիդային փոխանակությունը․ հիպերտրիգլիցերիդեմիայի զարգացման ռիսկը բարձրանում է 47%-ով, իսկ բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակի նվազման ռիսկը՝ 43%-ով։

Հաստատվել են նաև ուռուցքաբանական ռիսկերը։ ՈւՄՍ-ի առավելագույն օգտագործում ունեցող կանանց շրջանում հաստ աղիքի ադենոմաների զարգացման ռիսկը բարձր է 45%-ով, իսկ կոլոռեկտալ քաղցկեղի ընդհանուր ռիսկը՝ 23%-ով։ Ընդհանուր առմամբ, ՈւՄՍ-ի օգտագործումը կապված է ցանկացած տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկի 12%-ով աճի հետ։

2025 թվականին իրականացված մեթավերլուծության տվյալների համաձայն՝ տուժում է նաև շնչառական համակարգը․ սննդակարգում ՈւՄՍ-ի բաժնի յուրաքանչյուր 10%-ով աճը կապված է քրոնիկ շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդության (ՔՕԹՀ) զարգացման ռիսկի 19%-ով բարձրացման հետ։

ՈւՄՍ-ի ազդեցությունը տարածվում է նաև հոգեկան առողջության վրա։ Մեծ քանակությամբ օգտագործումը կապված է հոգեկան խանգարումների զարգացման ռիսկի 53%-ով աճի հետ, դեպրեսիայի ռիսկը բարձրանում է 22%-ով, իսկ տագնապային խանգարումների ռիսկը՝ 48%-ով։

Եթե խնդիրը դիտարկվում է մանկաբուժական տեսանկյունից, ապա դրա մասշտաբները դառնում են առավել մտահոգիչ։ Երեխաների և դեռահասների սննդակարգի գլոբալ փոփոխությունը ձևավորում է համակարգային սպառնալիք նրանց առողջության համար։

Համաճարակաբանական տվյալների ընդգրկուն ակնարկը ցույց է տվել, որ երեխաների շրջանում մեծ քանակությամբ ՈւՄՍ-ի օգտագործումը 40%-ով բարձրացնում է սուլող շնչառության առաջացման հավանականությունը։ Կան նաև տվյալներ դեռահասների շրջանում ասթմայի զարգացման ռիսկի բարձրացման մասին, ինչը պահանջում է հատուկ կլինիկական զգոնություն։

Երեխաների շրջանում ակնհայտ են նաև մետաբոլիկ խանգարումները․ ՈւՄՍ-ի օգտագործումը նպաստում է մետաբոլիկ համախտանիշի, դիսլիպիդեմիայի և ճարպակալման զարգացմանը։ Նշված մթերքները նպատակային կերպով մշակված են որպես հիպերհամային և կախվածություն առաջացնող, ինչի հետևանքով խթանվում է գերսնումը և միաժամանակ նվազում է կենսական նշանակություն ունեցող սննդանյութերի ընդունումը։

Աճող սերնդի հոգեկան առողջության ոլորտում իրավիճակը առավել մտահոգիչ է։ Հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ ՈւՄՍ-ի ագրեսիվ ներմուծումը դեռահասների սննդակարգում կապված է ինտերնալիզացվող ախտանշանների՝ մեկուսացման և տագնապի աճի հետ, ինչը 68%-ով բարձրացնում է հոգեկան խանգարումների ռիսկը, 47%-ով՝ քնի խանգարումների ռիսկը։ Հատկապես վտանգավոր է սխալ սննդակարգի և նստակյաց կենսակերպի համակցված ազդեցությունը․ մեծ քանակությամբ ՈւՄՍ օգտագործող և ֆիզիկական ցածր ակտիվություն ունեցող դեռահասների շրջանում տագնապով պայմանավորված քնի խանգարումների ռիսկը կրկնապատկվում է։

Երեխաների շրջանում ՈւՄՍ-ի օգտագործումը կապված է նաև սննդային կախվածության ֆենոմենի հետ, ինչը վկայում է արդյունաբերական հավելումների ադիկտիվ պոտենցիալի մասին։ Ավելցուկային քաշ ունեցող երեխաների դեպքում թխվածքաբլիթների և կրեկերների օգտագործումը բարձրացնում է սննդային կախվածության ախտորոշման ռիսկը ավելի քան 4 անգամ, մինչդեռ երշիկեղենի և նրբերշիկի օգտագործումը կապված է գրեթե 12 անգամ բարձր ռիսկի հետ։

Այսպիսով, ՈՒՄՍ-ը ներկայացնում է համակարգային սպառնալիք ողջ սերնդի առողջության համար՝ մանկական տարիքից մինչև հասունություն, և դրա ազդեցության անտեսումը կլինիկական ու կանխարգելիչ բժշկության մեջ համարվում է անթույլատրելի։ Բժիշկները պարտավոր են երեխայի սննդակարգը դիտարկեն որպես բազմամորբիդության ռիսկի կարևոր գործոն։

Հանրային առողջապահության մակարդակում անհրաժեշտ է ներդնել համապարփակ քաղաքականություն, որը կներառի երեխաներին ուղղված մարքեթինգի արգելում, ուլտրամշակված սննդամթերքի դպրոցական սննդից լիարժեք բացառում և նախազգուշացնող, հստակ պիտակավորման համակարգի ներդրում։ Հաջող քաղաքականության օրինակ է Բրազիլիան, որտեղ 2026 թվականին նախատեսվում է դպրոցական սննդից լիովին բացառել ուլտրամշակված մթերքները և ապահովել աշակերտների սննդակարգի առնվազն 90%-ը թարմ կամ նվազագույն մշակված մթերքով։ Նման մոտեցումներ կիրառվել են նաև Չիլիում, Ուրուգվայում և Մեքսիկայում։

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոն