Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն անվանակոչվեց Հովհաննես Չեքիջյանի անունով

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում օրերս տեղի էր ունեցել համերգ՝ նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակին:

Կառավարության համապատասխան որոշմամբ՝ «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերանվանվի «Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության։

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը  հիմնադրվել է 1937 թվականին, իսկ 1961 թվականից ի վեր՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։

«Հրաժարվելով դիրիժորական փայլուն ապագայից Թուրքիայում՝ Չեքիջյանը 1961 թվականին տեղափոխվել է Հայաստան՝ իր կարողությունները և տաղանդը անմնացորդ ներդնելով ի նպաստ հայկական երաժշտարվեստի զարգացմանը: Երևանում հաստատվելուն պես նրա կյանքն անխզելիորեն կապվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ։

Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված սիմֆոնիկ նվագախմբերի (թվով 69 նվագախումբ) հետ, որոնց թվում՝ ԽՍՀՄ Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, «Բոլշոյ» թատրոնի նվագախումբը»,- ասվում է Կառավարության հիմնավորման մեջ։

Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում։ Նրա հայրը Կոմիտասի աշակերտներից էր, ուստի իրենց տանը միշտ լսել են ազգային ու մաքուր երաժշտություն։

«Շատ անբախտ է այն մարդը, որը հայ է ու Թուրքիայում է ծնվում։ Թուրքիայում ծնված հայը ինչ պետք է լինի, օրինակ` Անգլիայում ծնվելը երջանկություն է։

Մինչև այսօր էլ թուրքերի մեջ նստած է «հային վատ բան անելը դրախտի ուղեգիր է» գաղափարը»,- մի առիթով ասել է Չեքիջյանը։