Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Դիլիջանի համայնքապետարանը Երևանի քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ խնդրելով լուծել Դիլիջան համայնքի և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գրանցված «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջև 2018թ․ սեպտեմբերի 7-ին կնքված քաղաք Դիլիջան, Գետափնյա 19/4 հասցեում գտնվող 4572․1 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող 11-003-0305-0049 ծածկագրով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 8 պայմանագիրը և անվավեր ճանաչել վերը նշված հողամասի նկատմամբ «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի իրավունքի պետական գրանցումը։
2025թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանը որոշել է այդ հայցադիմումը վերադարձնել։ Բացի այդ, Դիլիջանի համայնքապետարանը Երևանի քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Դիլիջան համայնքի և «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջև 2015 թ․ ապրիլի 30-ին կնքված անշարժ գույքի վարձակալության թիվ 5 պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և որպես հետևանք՝ անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ա․ Պետրոսյանը 2025թ․ հուլիսի 7-ին որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դրանից հետո դատարան դիմում-միջնորդություն է ներկայացվել՝ դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ։
Իմ տեղեկություններով՝ «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲԸ սեփականատերը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն է, որը մեկուկես տարի է՝ գտնվում է Բաքվի բանտում։ Վարդանյանի ընկերությանն է կառուցապատման իրավունքով պատկանում Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող արհեստական լճակի շրջակա տարածքը։ Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքով միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել Դիլիջան քաղաքի զարգացման համար։ Դիլիջանում նրա ընտանիքի կողմից հիմնադրված միջազգային դպրոցը Դիլիջանին հայտնի է դարձրել աշխարհով մեկ, այն բազում աշխատատեղեր է ստեղծել։ Բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը ներկայում Ադրբեջանում դատվում է, Բաքվի բարբարոս դատարանում նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրա նկատմամբ ադրբեջանական իշխանությունն առավել ընդգծված բացասական վերաբերմունք ունի, քան մյուս գերիների նկատմամբ։ Ադրբեջանում նրա վերաբերյալ ֆիլմ են ցուցադրել, բնականաբար, խիստ բացասական ներկայացնելով Ռուբեն Վարդանյանին և նրա գործունեությունը։
Իսկ ՀՀ իշխանությունը, փոխանակ ամեն ինչ անի՝ հայ բարերարին և մեր մյուս գերիներին բերելու, ճիշտ հակառակը՝ անգամ նպաստում է նրանց նկատմամբ հալածանքներին։ 2024թ․ օգոստոսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում Ռուբեն Վարդանյանի մասին հարցին ի պատասխան հայտարարեց․ «Այստեղ էլ շատ կարևոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով՝ գործուղեց ՀՀ, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով։ Եվ ո՞վ վերջում ասաց՝ գիտե՞ք ինչ, մենք այդքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետև ինքն այլ երկրի քաղաքացի է: Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում»: Մինչդեռ ենթադրվում է, որ այդ հարցերը պետք է բարձրացներ և պատասխանները ստանար այն ժամանակ, երբ Վարդանյանը մեկնում էր Արցախ, և իր գործընկեր Արայիկ Հարությունյանն էլ նրան նշանակում էր պետնախարար։
Հիմա անգամ Ռուբեն Վարդանյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ հայցեր են ներկայացվում դատարան, որպեսզի չեղարկեն կնքված պայմանագրերը։ Դիլիջանի համայնքապետարանի ներկայացրած դատական հայցերը վատ կազդեն համայնքում ներդրումային միջավայրի վրա։ Ն․ Փաշինյանը Իլհամ Ալիևի առաջ խնդիր չի դնում՝ գերիներին Հայաստան վերադարձնել, հակառակը՝ Ալիևին մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել՝ Ադրբեջանից երկաթուղով, Վրաստանի տարածքով Հայաստան 4-րդ կարգի անասնակեր ցորեն և բենզին ներկրելու համար։ Իսկ Փաշինյանի կուսակից, նրա հետ Օհանավանում, Գյումրիում Հայ առաքելական եկեղեցու սահմանած կանոնների խախտումով պատարագներին մասնակցած Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն էլ այդ ընթացքում դատական հայցեր է ներկայացրել Ռ․ Վարդանյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ։ Ամեն ինչ փոխկապակցված է։
Ոսկան Սարգսյան

