Դանիան հորդորել է ԱՄՆ-ին հարգել իր տարածքային ամբողջականությունը

Դանիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է, որ բոլորը, այդ թվում և Միացյալ Նահանգները, հարգեն Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ բանագնաց նշանակեց Գրենլանդիայի հարցով։ԱՄՆ նախագահը վերջին ամիսներին բազմիցս հանդես է եկել դանիական տարածք համարվող Գերնլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու նախաձեռնությամբ։

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը կարճ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Գրենդլանդիայի հարցերով հատուկ բանագնացի նշանակումը վկայությունն է դանիական տարածքի նկատմամբ ամերիկյան կողմի շարունակվող հետաքրքրության։

«Այնուամենայնիվ, մենք պնդում ենք, որ բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, պետք է հարգանք ցուցաբերեն Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ», – հավելել է նա։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց է նշանակել Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին։ «Ջեֆը հասկանում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի մեր ազգային անվտանգության համար և վճռականորեն կպաշտպանի մեր երկրի շահերը»,- գրել էր ԱՄՆ ղեկավարը Truth Social-ում։