Ե՞րբ է ալկոհոլը դառնում առողջական խնդիր
Ալկոհոլի կանոնավոր օգտագործումը դրսևորվում է ֆիզիկական և հոգեբանական կախվածությամբ, ինչպես նաև առողջության ու սոցիալական կյանքի համար բացասական հետևանքներով:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկարաժամկետ չարաշահումը կարող է առաջացնել մի շարք սոմատիկ և հոգեկան առողջության խանգարումներ, մասնավորապես ՝
Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա՝ առաջացնելով նախ արյունատար անոթների կարճատև լայնացում, ապա դրանց սպազմ, ինչը հանգեցնում է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման: Ալկոհոլի երկարատև օգտագործումը հյուծում է սրտամկանը, նվազեցնում անոթների առաձգականությունը և մեծացնում առիթմիայի, տախիկարդիայի, սրտային անբավարարության, սրտի կաթվածի և ինսուլտի առաջացման ռիսկը։
լկոհոլն անդառնալի ազդեցություն ունի մարսողական համակարգի վրա. այն վնասում է ստամոքսի և աղիների լորձաթաղանթների բջիջները, ինչը կարող է հանգեցնել գաստրիտի, խոցերի և սննդանյութերի ներծծման խանգարման: Ալկոհոլը խաթարում է աղիքային միկրոֆլորան, վնասում լյարդը (ընդհուպ` մինչև ցիռոզ), նպաստում ենթաստամոքսային գեղձի (պանկրեատիտ) բորբոքային հիվանդության զարգացմանը , ինչպես նաև մեծացնում է մարսողական համակարգի ուռուցքային հիվանդությունների առաջացման ռիսկը:
Ալկոհոլը կործանարար ազդեցություն ունի նաև նյարդային համակարգի վրա. սկզբում առաջացնելով էյֆորիա, ապա ընկճելով նյարդային ակտիվությունը՝ բերում է կոորդինացիայի, հիշողության և մտավոր ակտիվության վատթարացման։ Քրոնիկ օգտագործումն առաջացնում է նեյրոնների մահ, ուղեղի անդառնալի վնասում, ճանաչողական գործառույթների նվազում, մեծացնում է դեպրեսիայի, տագնապային խանգարման ռիսկը: Ծանր դեպքերում թունավորումը կարող է հանգեցնել ինսուլտի, պոլինեյրոպաթիայի կամ ալկոհոլային էնցեֆալոպաթիայի:
Ալկոհոլի չարաշահումը վտանգավոր հետևանքներ ունի հոգեկան առողջության համար, այդ թվում նվազում են ճանաչողական գործառույթները (հիշողություն, ուշադրություն, մտածողություն), բերում է հուզական անկայունության (դյուրագրգռություն, դեպրեսիա, տագնապի զգացում) և անձի դեգրադացիա։ Քրոնիկ օգտագործումը և հետագայում զրկանքի համախտանիշի զարգացումը կարող են հանգեցնել այնպիսի խանգարումների առաջացման, ինչպիսիք են ալկոհոլային դելիրիումը, հալյուցինացիաները, ընկալման խանգարումները և զառանցական մտքերը։ Նման դեպքերում մարդը վտանգ է ներկայացնում ոչ միայն սեփական անձի, այլև շրջապատի համար։

